Մատչելիության հղումներ

Որևէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնյայի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը․ ՄԻՊ


Լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է օրենքով՝ հայտարարում է Մարու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ ուսումնասիրել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև երեկ սրճարանում տեղի ունեցած միջադեպի հրապարակված հանգամանքները, առանձնազրույց են ունեցել նաև լրագրողի և նույն սրճարանում Ֆահրադյանի հետ գտնվող մեկ այլ լրագրող Տաթևիկ Ավագյանի հետ։

Հայտարարությունում Պաշտպանն ընդգծել է, որ ցանկացած պարագայում նախարարն իրավունք չուներ բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ:

«Նախարարի վարքագիծն առավել ևս դատապարտելի է այն պայմաններում, երբ ինքը տեղյակ էր, որ իրեն հարցեր է տալիս լրագրող և որ ինքը բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ», - նշել է Թաթոյանը։

Որպես կարևոր հանգամանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարել առանձնացնել, որ «լրագրողը մոտեցել է հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, դա տեղի է ունեցել հանրային, այլ ոչ թե մասնավոր վայրում և այդ նույն վայրում էլ տեղի է ունեցել բռնության միջադեպը»:

«Պաշտոնյաները, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պարտավոր են ցուցաբերել հանդուրժողականություն բոլոր այն դեպքերում, երբ լրագրողները տալիս են իրենց դուր չեկող հարցեր կամ իրենց նկատմամբ ցուցաբերում են քննադատական վերաբերմունք: Ավելին, նրանք պետք է իրենց հանրային վարքագծով օրինակ լինեն, հատկապես, եթե դա վերաբերում է բռնության բացառմանը», - հայտնել է Թաթոյանն՝ ընդգծելով՝ հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ունի լիազորությունների սպառիչ շրջանակ և սահմանափակված է իր իրավական կարգավիճակի սահմաններով:

ՄԻՊ-ի պնդմամբ՝ որևէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը: Ցանկացած հարց, ինչ էլ որ լինի, պետք է լուծվի բացառապես պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում՝ համապատասխան իրավասությունն ունեցող մարմինների կողմից:

Թաթոյանը տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից համապատասխան գրություն կուղարկի Գլխավոր դատախազություն: «Այս պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն», - ասված է Պաշտպանի երեկվա հայտարարությունում:

Համացանցում երեկ անձայն տեսանյութ տարածվեց որտեղ երևում է, որ երևանյան սրճարաններից մեկում Փայլակ Ֆահրադյանը մոտենում է Հակոբ Արշակյանին և հարց ուղղում, ինչից հետո Արշակյանը մոտենում է լրագրողին և հարվածում։ Ավելի ուշ Ֆահրադյանը հայտնեց իր նկատմամբ նախարարի կողմից բռնության մասին, Արշակյանն էլ հայտարարեց, որ դեմ է ցանկացած բռնության և առաջնորդվում է հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով, և որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր և լրագրողի միջև միջադեպի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG