Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի, ուր ներկայացվելու էին IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Այս մասին հաղորդում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ պարզաբանելով ցուցահանդեսի տաղավարներում հայկական ընկերությունների ցուցանմուշների բացակայությունը։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով, ըստ նախարարության, սկսվում է ծառայողական քննություն։
«Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում», - ասված է հաղորդագրությունում։