Մատչելիության հղումներ

IDEX-2021 միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանը ցուցադրում է միայն պաստառներ ու բուկլետներ


Աբու Դաբիում ընթացող IDEX-2021 միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի տաղավարն արդեն 3-րդ օրն առանց հիմնական ցուցանմուշների է։ Դրանք Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք չեն հասել առաջացած «լոգիստիկ խնդիրների պատճառով»։

Այս բացատրությունը տարածեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ տաղավարում ցուցադրված են միայն տպագիր նյութեր։

Նախարարությունից հաղորդեցին, որ սկսվել է ծառայողական քննություն։ Թե որտեղ են այս պահին ցուցանմուշները, տեղ կհասնեն թե ոչ, այս հարցերի պատասխաններ այսօր չստացանք նախարարությունից։

Հեռախոսով կապ հաստատեցինք հայկական տաղավարի ներկայացուցիչներից էլյանորա Ավետիսյանի հետ։ Նա ասաց․ - «Կարողացել ենք աշխատանքները կազմակերպել այնպես, որ հնարավորինս լավ ներկայանանք, թեկուզ և ցուցանմուշները չեն հասել տեղ։ Շատ արագ մեր թիմը մոբիլիզացվեց, նախաձեռնեցինք լայնաֆորմատ տպագրություն, փակցվեցին բարձր տումբաների վրա, որոնք բավականին լավ տեսք հաղորդեցին ու գրավչությունը է՛լ ավելի մեծացրեցին տաղավարի»։

Նախարարության առևտրի խթանման բաժնի պետ Էլյանորա Ավետիսյանը վստահեցրեց, որ տաղավարի աշխատանքը չի խաթարվել ցուցանմուշների բացակայության պատճառով, օգտակար կապեր են հաստատել գործընկերների հետ։

Հայաստանի միասնական տաղավարում ներկա էին 14 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախարարության աշխատակիցներ։

«Շատ բարձր հաճախելիություն ունեինք։ Տարբեր երկրներից ընկերություններ, որոնք արտադրող են տվյալ ռազմաարդյունաբերության ոլորտում, և էքսպո կազմակերպիչներ տարբեր երկրներից, նաև այլ ընկերություններ, որոնք ցանկանում էին այլ հարակից ոլորտներում նույնպես համագործակցել»։

Աշխարհում ամենահեղինակավորներից մեկը համարվող սպառազինությունների այս ցուցահանդեսին մասնակցելու համար հանրային միջոցներինց ծախսվել է 23 միլիոն դրամ տաղավարի կառուցապատման աշխատանքների համար։ Իսկ թե ինչ գնում է կատարվել ու որքան է ծախսվել հայկական ռազմական արտադրանքների չստացված տեղափոխման համար, չկարողացանք պարզել գնումների պաշտոնական կայքից։

Արդեն երկու օր է իշխանության տարբեր ներկայացուցիչներ բացատրում են, որ տեղի ունեցածը մեծ ձախողում չի կարելի համարել, քանի որ Հայաստանից բացի շատ այլ երկրների, այդ թվում խոշոր եվրոպական, տաղավարներ ևս ցուցադրել են պաստառներ, առանց իրական զինատեսակների։

«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը սակայն հակադարձում է, որ փոքրիկ տարբերություն այնուամենայնիվ կա․ - «Գերմանիան ու Բրիտանիան, օրինակ, ես վստահ եմ, որ փող չեն տվել ապրանքը բերելու համար, բայց բուկլետ ցուցադրել»։

Բացի այդ, ռազմաարդյունաբերական հսկաներ համարվող երկրները կարող են իրենց թույլ տալ ավելի համեստ տաղավարներով ներկայանալ, բայց ոչ վերջերս պատերազմած Հայաստանը, կարծում է Նահապետյանը․ - «Երբ որ քո պետության ռազմաարդյունաբերական համբավը Բրիտանիայի կամ Գերմանիայի ռազմաարդյունաբերական համբավն ունի, դու կարաս ոչ մի բան էլ ցույց չտաս։ Կարաս ասես՝ ես Գերմանիայից եմ, էդքանը հերիք լինի։ Բայց երբ որ դու նոր-նոր ոլորտում թափ առնելու հայտ ներկայացրած Հայաստանն ես, դու պիտի ապրանք ցույց տաս»։

Նահապետյանի կարծիքով, ծառայողական քննությունը բավարար չէ, պետք է հարուցվի քրեական գործ՝ պարզելու, թե ինչու են փոշիացվել հանրային միջոցները, որոնք ուղղվել էին հայկական մեկ տասնյակից ավելի ընկերությունների արտադրանքը Աբու Դաբի հասցնելուն․ - «Էդ փողը տվել ենք, բայց զենքը էնտեղ չի ցուցադրվել։ Զենքը, իմ ունեցած տեղեկությունների համաձայն, մնացել ա Մոսկվայում։ Եվ ինքնին շատ հետաքրքիր ա, թե ոնց ա ստացվել, որ զենքը ճանապարհին ա մնացել, ցուցանմուշները ճանապարհին են մնացել։ Եվ Հայաստանը, փաստորեն վճարելով ավելի բարձր որակի ներկայանալու համար, ներկայացել ա բուկլետներով։ Եթե դու պետական միջոցը տալիս ես, չես ստանում էն արդյունքը, որի համար վճարել ես, նշանակում ա ինչ-որ մեկը պետք ա պատասխանատության ենթարկվի պետական միջոցները փոշիացնելու համար»։

Ընդհանուր առմամբ, եթե սա լիներ որևէ նախարարության կողմից թույլ տրված եզակի ձախողում, միգուցե մտահոգությունն այսքան մեծ չլիներ, ասում է Նահապետյանը, սակայն սա կառավարող ուժի շղթայական ձախողումներից միայն մեկն է․ - «Պետական կառավարման համակարգը աշխատում է խայտառակ ձախողումներով։ Եվ դրա պատճառը երկրում տիրող իրավիճակն է, անկազմակերպվածության մթնոլորտը։ Եվ կառավարող ուժը, կառավարող շրջանակները կառավարում երևույթը չեն կարողանում կյանքի կոչել։ Այսինքն, կներեք բառիս համար, բարդակ ա երկրում»։

XS
SM
MD
LG