Մատչելիության հղումներ

Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին են ահազանգում ընդդիմության ու քաղհասարակության ներկայացուցիչները


Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո արդեն երկրորդ շաբաթն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ կազմակերպում է մարզային այցելություններ, որոնք ընդդիմադիրների և քաղհասարակության ներկայացուցիչների գնահատմամբ` ավելի շուտ նախընտրական քարոզարշավ են հիշեցնում և ամենևին աշխատանքային հանդիպումների տրամաբանության մեջ չեն։ Հունիսի 20-ին նախատեսված արտահերթի նախընտրական քարոզարշավը, ըստ ամենայնի, կմեկնարկի հունիսի սկզբին ու կտևի 12 օր։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը սա անհավասար պայմանների դրսևորում է որակում. «Այստեղ հստակ միախառնվում են ինստիտուցիոնալ և նախընտրական քարոզչությունը` ինստիտուցիոնալ գործունեությունը և նախընտրական քարոզչությունը, ինչը վարչական ռեսուրսի չարաշահման օրինակ է: Սա վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում է, որովհետև երբ որ ընտրողների հետ հանդիպում ես ունենում, խոսում ես ընտրություններից, խոսում ես ապագայից, խոսում ես ծրագրերից և միաժամանակ ասում ես, որ օրինակ` այ հենց նոր որոշում կայացրեցինք, որ ձեր գյուղի ճանապարհը կասֆալտապատենք, դա հստակ արդեն առավելություն է ստեղծում վարչական ռեսուրսի տիրապետողի մոտ այլ կուսակցությունների համեմատ»:

Իոաննիսյանը, սակայն, նաև ասում է՝ դե յուրե օրենքի խախտում չկա, և դա մասամբ նաև այն պատճառով, որ գործող Ընտրական օրենսգրքում որոշ ձևակերպումներ շատ անորոշ են։ Մինչդեռ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նոր Ընտրական օրենսգրքի նախագծով ինստիտուցիոնալ և քարոզարշավային այցերը հստակ սահմանազատված են. «Գործուղումը կամ մարզային այցելությունը պետք է հստակ տարբերվի` դա նախընտրական է, թե դա ինստիտուցիոնալ է, թե դա ի պաշտոնե է, և գործուղումը կամ մարզային այցելությունը պետք է ավարտել, վերադառնալ Երևան և նոր ունենալ նախընտրական հանդիպումներ: Դա նախատեսված է օրենսգրքի նախագծով»:

Խորհրդարանական մեծությամբ երկրորդ ընդդիմադիր խմբակցություն «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ ահազանգեր է ստացել, որ Փաշինյանը վարչական ռեսուրսի կիրառմամբ է քաղաքացիներին հրավիրում իր մարզային հանրահավաքներին. «Այսօր Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչի դեմ ինքը տասնյակ տարիներ պայքարել է որպես լրագրող և որպես պատգամավոր, անում է շատ ավելի գռեհիկ, շատ ավելի այլասերված, շատ ավելի բացահայտ ձևով, ինչ անում էին նախկին իշխանությունները: Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր այցը մարզ վարչական ռեսուրսի տոտալ պրեսինգ է. մենք տեղյակ ենք, թե ինչպես են մարզպետները, գյուղապետերը, համայնքապետերը հիվանդանոցները սոսմոբիլիզացիա հայտարարում»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը ներկաներին հարցնում է` ձեզ ինչ-որ մեկը ստիպե՞լ է, իսկ նրանք էլ ասում են ոչ, Զոհրաբյանն արձագանքում է. «Դուք կարծո՞ւմ եք, որ ինչ-որ մեկը հրապարակային պիտի ասեր, հա՞, որ ինձ ստիպել են, եթե անգամ արդեն Փաշինյանի մոտ այդ հարցն առաջացել է, ինքը շատ լավ գիտի, որ դրանք բերման ենթարկված մարդիկ են, գերակշիռ մեծամասնությունը, և Դուք կարծո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետությունում կգտնվի այնպիսի տղամարդ կամ կին, որը կասի` իրեն զոռով բերման են ենթարկել»:

Ընդդիմադիր մյուս խմբակցության՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, մինչդեռ, այստեղ խնդիր չի տեսնում։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ավելի առաջնահերթ հարցեր կան:

«Իմ քայլից» Արփի Դավոյանը, ով այս կիրակի մի քանի այլ պատգամավորների հետ ուղեկցում էր Փաշինյանին, ևս այստեղ արտասովոր ոչինչ չի տեսնում: Ասում է՝ քաղաքացիների հետ հանդիպումը միշտ էլ վարչապետի ոճն է եղել: Հարցին, թե արդյոք նախընտրական խոստում չէ՞, որ վարչապետը խոստացավ պետական բյուջեի հաշվին գյուղի տարածքը ասֆալտապատել, պատգամավորը պատասխանեց. «Դա նախընտրական խոստում չէ, որովհետև երբ իշխանությունը հաստատվել է, մենք խոստացել ենք, որ ճանապարհների վերանորոգում պիտի կատարենք, և այդ ճանապարհների վերանորոգման աշխատանքները միշտ առաջնահերթ են եղել մեր ծրագրերում: Սա էլ հերթական խնդիրն էր, որ մարդիկ բարձրացրեցին, միջհամայնքային ճանապարհների խնդիրն էր: Մենք այնտեղ եղել ենք և տեսել ենք, թե ինչպիսի վատ վիճակում էին այդ ճանապարհները, և վարչապետն իր իրավասության շրջանակներում ասաց, որ այդ հարցերը կլուծվեն»:

«Ազատության» հարցադրմանը` նախկինում, երբ նույնը անում էր Հանրապետականը, Նիկոլ Փաշինյանը, իր թիմից շատերը մեղադրում էին վարչական ռեսուրսի կիրառման, անհավասար պայմանների մեջ, հիմա ի՞նչն է փոխվել, Արփի Դավոյանն ասաց. «Նայեք, նախկինում մարդիկ երբ գնում էին, խոստանում էին, որ ասֆալտ պիտի անեն, ինչ-որ բան պիտի անեն, դուք հիշում եք` հայտնի տարբեր նույնիսկ տեսանյութեր կան, և մարդիկ իրենց հաշվին ինչ-որ բաներ էին անում, խոստանում էին և հիմնականում չէին էլ անում այդ աշխատանքները, որոնց մասին խոսում էին, խոստանում էին, և դրանք զուտ նախընտրական բնույթ էին կրում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG