Մատչելիության հղումներ

ՀՓՇ-ն սկսում է այցելություններ մարզեր, Մանուկյանը նշում է ուժին ուժով հակադրվելու մասին


Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իշխանությունների հայտարարությանը զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումն» իր հետագա պայքարը բաժանում է երեք պայմանական փուլի` մինչ վարչապետի հրաժարականը, հաջորդող երկու շաբաթներն ու դրանից հետո: Այս մասին այսօր Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի հարևանությամբ հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիրները կրկին շեշտեցին, թե վստահ չեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն. «Ուրեմն մինչև ամսի 22-ը «Հայրենիքի փրկության շարժումը» սկսում է այցելություններ մարզեր, հանդիպումներ տարբեր խմբերի, խավերի ներկայացուցիչների հետ: Մեր նպատակն է սրա հեռացման համաժողովրդական պահանջն ավելի կազմակերպել, գեներացնել և հասնել հրաժարականի օրը»:

Շարժման գործողությունների երկրորդ փուլն, ըստ դաշնակցական Սաղաթելյանի, Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու դեպքում վարչապետի դե յուրե հրաժարականը դե ֆակտո դարձնելն է: Ընտրությունների անցկացման համար վարչապետի հրաժականն է պետք, իշխանություններն արդեն հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար կլինի, մինչև նոր ընտրություններ լինեն. «Պետք է այդ դե յուրե հրաժարականը դարձնենք դե ֆակտո, ևայդ օրերի ընթացքում հեռացնենք»:

Եթե ընտրություններ անցկացվեն, դրանց մասնակցող ուժերը որևէ ձևաչափով չպետք է համագործակցեն գործող իշխանությունների հետ. սա երրորդ փուլն է. «Այդ ընտրությունը պետք է լինի դավաճաններին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր ընտրության միջոցով»:

Ի պատասխան այն պնդումներին, թե ընդդիմադիրների շարժումը ձեռքբերումներ չի ունեցել և արդեն մարել է, Սաղաթելյանն ասում է՝ եթե շարժումը չլիներ, հիմա ստիպված կլինեին խոսել տարածքային այլ կորուստների մասին. «Եթե չլիներ այս շարժումը, մենք այսօր արդեն խոսելու էինք Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Սյունիքի, Արցախի նոր կորցրած տարածքների մասին: Մենակ սա արդեն բավարար է, որ ասենք` այս շարժումն ունի ձեռքբերումներ, բայց դա մեզ բավարարող չէ, հետքայլ չկա, նահանջ չկա»:

«Հայրենիքի փրկության շարժման» անդամ որոշ ուժեր չնայած արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, շարժման վարչապետի թեկնածուն շարունակում է մնալ Վազգեն Մանուկյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Այսօր էլ նա պնդեց՝ վարչապետը ուժ է կիրառում իշխանությունը պահելու համար, ուժին պետք է հակադրել ուժով, խաղաղ ցույցերով դա չի անցնի. «Նա կաշառեց ոստիկանությանը, բայց եթե կաշառք տալիս են, պարտադիր չի, որպեսզի դիմացինն անի այն, ինչ ուզում ես: Ազգային անվտանգության ծառայությունը դարձավ Նիկոլի անվտանգության ծառայություն, դատախազությունը զբաղված է իր հակառակորդներին չեզոքացնելով: Մենք հիմա գտնվում ենք այդ վիճակում, այսինքն` ինքը կիրառում է ուժ, որպեսզի մնա իշխանությանը, և խաղաղ ցույցերով դա չի գա, անցնի»:

Երեկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այն հարցին ի պատասխան, թե Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար, ասաց. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Վազգեն Մանուկյանն այս հատարարությանն էլ անդրադարձավ. «Պատերազմն ավարտված չէ, մենք ապրում ենք զինադադարի օրեր, և դրա մասին ես հայտարարում և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը` իրենց ժողովրդին ուղղորդելով, որ պետք է ոչնչացնել հայերին, վերցնել Երևանը, վերցնել Սյունիքը: Ու այդ պայմաններում երկրի ղեկավարներն ասում են, որ պետք է ընկերություն, բարեկամություն անեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ժամանակներ կային, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս, այդ ժամանակներն անցան»:

«Հայրենիքի փրկության շարժումն» իր հերթական հանրահավաքն ավարտեց երթով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG