Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շաբաթ օրը Արագածոտնի մարզ կատարած այցը դե ֆակտո քարոզարշավի մեկնարկ էր, կարծում են ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանում»։
«Միանշանակ սա ընդունելի չի կարող լինել, որովհետև դա, այո, քարոզարշավ անել է` անհավասար պայմաններով` կիրառելով վարչական ռեսուրս, կիրառելով այն ամենը, ինչ իր ենթակայության տակ այսօր ունի վարչապետը, ինչն արգելված է», - ասում է ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Ի տարբերություն Գևորգ Գորգիսյանի` «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը տեղի ունեցածում որևէ արտառոց բան չի տեսնում։ Փաշինյանը գնում էր մարզեր նախկինում, հիմա էլ գնում է. «Պարբերաբար հանդիպումներ տարբեր համայնքներում, նախորդող շաբաթվա ընթացքում էլ եղել է մեկ այլ համայնքում հանդիպում, որը ոչ էլ լուսաբանվել է, իրապես նախորդ կիրակի օրը, ես ձեզ վստահեցնում եմ: Հիմա ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ է տեղի ունենում, եթե խոսում ենք չմեկնարկած քարոզարշավի մասին, ապա «Հայրենիքի փրկության շարժումը» դեռ ամիսներ առաջ էր այս ամենի մեկնարկը տվել և տխրահռչակ վախճան ունենալով մի քանի համայնքներում, այդ թվում` Շիրակի մարզում և Գյումրիում` չկարողացավ իր պրոցեսները շարունակել և գեներացնել»:
Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, նկատում է տարբերություն մարզային այցերի ու քարոզարշավի միջև. «Եթե դա ուղղակի լիներ մարզային այցելություններ, օրինակ` մենք էլ ամեն տարի, ամեն շաբաթ, ամեն ամիս այցելում ենք, բայց որևէ լրավական մեզ չի լուսաբանում չէ՞ այդ այցելությունները, հետևաբար սա միանշանակ անհավասար պայմաններով վարչական ռեսուրսի չարաշահմամբ սկսված քարոարշավ է»:
Հայաստանի ընտրական օրենսգիրքը չի արգելում ընտրություններից ամիսներ առաջ հանդիպումներ և քարոզարշավ հիշեցնող այլ միջոցառումներ անցկացնել, ասում է տարբեր համապետական ընտրություններ դիտարկած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը. «Իրականում ինձ թվում է` ակնհայտ է, որ սա դե ֆակտո քարոզարշավ է արդեն սկսվել, և Արագածոտնի մարզի այցելությունը հենց նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ էր: Ես պետք է միաժամանակ ասեմ, որ Ընտրական օրենսգիրքը կամ որևիցե օրենք չի արգելում անել այն, ինչ որ Նիկոլ Փաշինյանն արեց Արագածոտնի մարզում, բայց այստեղ մենք գալիս ենք այն խնդրին, որ առհասարակ քարոզարշավը սկսվում է նախորդ ընտրությունների դեռ հաջորդ օրը: Այսինքն` կուսակցությունները, թեկնածուները 5 տարի քարոզարշավ են անում, և դա նորմալ է»:
Նախընտրական քարոզարշավը մի ժամանակահատված է, երբ օրենքով սահմանված կարգով գործում են խաղի հստակ կանոններ, այդ թվում` վարչական ռեսուրսի չարաշահման արգելք, ասում է Իոաննիսյանը, սակայն գործող Ընտրական օրենսգիրքը արտահերթ ընտրությունների պարագայում սահմանում է ընդամենը 12-օրյա քարոզարշավ, որը ըստ Իոաննիսյանի` չափազանց կարճ է. «Կարևոր է, որ ինքնին նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը, որ արտահերթ ընտրությունների համար ընդամենը 12 օր է, երկարի, և այդ սահմանափակումները, որոնք մենք ուզում ենք, որ մտնեն, այդ թվում` վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված, լինեն ոչ թե 12 օր, այլ ավելի երկար»:
Քաղհասարակության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում ոչ խիստ ու ոչ հստակ չսահմանված պահանջները ևս մի պատճառ են համարում, որ առաջիկա ընտրություններն անցկացվեն ոչ թե գործող, այլ նոր մշակված Ընտրական օրենսգրքով։ Կառավարող ուժի ներկաայցուցիչները, սակայն, դեռ վերջնական չեն հայտարարել, թե նախապատվությունը որ օրենսգրքին են տալիս՝ գործող, թե նոր մշակվածին, որը դեռ չի էլ քննարկվել խորհրդարանում։
«Եթե գնանք ընտրությունների գործող օրենսգրքով, նույնիսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ այպիսի այցելությունները չեն լինելու օրենսգրքի խախտում, բայց եթե գնանք փոփոխված օրենսգրքով, այսպիսի այցելությունները նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում կլինեն արդեն օրենքի խախտում», - ասում է Իոաննիսյանը:
Այսպիսով, եթե ընտրություններն անցկացվեն հունիսի 20-ին, ինչպես հայտարարել է Փաշինյանը խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ խորհրդակցություններից հետո, ապա ընդհուպ մինչև հունիսի սկիզբ «Իմ քայլի» կամ ընդդիմադիրների կազմակերպած միջոցառումները, եթե անգամ հիշեցնեն դասական քարոզաշավ, որևէ կերպով չեն համարվի օրենքի խախտում, ասում է Իոաննիսյանը։