Մատչելիության հղումներ

Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները տարբեր կերպ են մեկնաբանում վարչապետի այցերը մարզեր․ բանավեճ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, դաշնակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի համոզմամբ, սկսել է ընտրարշավն՝ այն էլ վարչական ռեսուրսների բիրտ օգտագործմամբ։

Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հակադարձում է՝ սա ոչ թե քարոզարշավ էր, այլ հանդիպում քաղաքացիների հետ։

Շաբաթ օրը, հիշեցնենք, Փաշինյանն Արագածոտնի մարզում հանդիպումներ է ունեցել մի քանի համայնքների բնակիչների հետ։ Հանդիպումը ընդդիմադիրները, իրավապաշտպանները չհայտարարված նախընտրական քարոզարշավի մեկնարկ ու վարչական ռեսուրսի չարաշահում են համարում։ Նշենք, որ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսված ընտրությունների քարոզարշավը, ըստ էության, պաշտոնապես հունիսի սկզբին կմեկնարկի։

Թեմայի շուրջ «Ազատություն»-ը զրուցել է Արթուր Խաչատրյանի և Նազելի Բաղդասարյանի հետ։ Բանավեճից մի հատված ներկայացոնւմ ենք ստորև։

«Ազատություն»․ - «Փաշինյանը սկսել է չհայտարարված քարոզարշավ՝ այսպիսով ստեղծելով անհավասար, ոչ մրցակցային պամաններ մյուս ուժերի համար»։ Վարչապետի շաբաթօրյա այցն Արագածոտնի մարզ շատ քննադատվեց։ Ես հնչած որոշ կարծիքներ մեջբերեցի։ Հիմա, քողարկելով վարչապետի այցերի անվան տակ, Փաշինյանը վարչական ռեսուրս է չարաշահո՞ւմ, թե՞ ժողովուրդ-վարչապետ հանդիպում էր սա, Ձեր կարծիքը։

Արթուր Խաչատրյան․ - Իհարկե տեղի է ունենում քարոզարշավ և քարոզարշավն ուղեկցվում է վարչական ռեսուրսների բիրտ օգտագործմամբ և երեխաների օգտագործմամբ՝ տգեղ օգտագործմամբ, որովհետև այդ նկարները բոլորս ենք տեսել, որ Փաշինյանը շրջապատված է երեխաներով։ Տենց նկարներ շատ կան՝ Հիտլերը՝ երեխաներով շրջապատված, Լենինը՝ երեխաներով շրջապատված, Ստալինը՝ երեխաներով շրջապատված, Էրդողանը՝ երեխաներով շրջապատված։ Այ Փաշինյանը, օգտագործելով իր վարչական լծակը, նաև փողերը պետական, որ ես հարկ եմ վճարում․․․ ես նրա համար չեմ վճարում, որ իմ վճարած հարկից Փաշինյանը հավաքի հարյուրավոր ոստիկաններ իր հետ պտտի, կամ հազարավոր ոստիկաններով քաղաքը փակի։ Այո՛, վարչական լծակն օգտագործում է, սկսել է ընտրարշավը և անում է այն, ինչ-որ չպետք է անի։ Փաշինյանը՝ քննադատելով նախորդներին, նախորդների գլուխը լվաց․ անում է շատ ավելի վատ, քան թե արել է երբևիցե ինչ-որ մեկը, գոնե նախնիները ընտրությունները դեռ չհայտարարած, էլի եմ ասում, ֆեյսբուքյան գրառումն ին համար հիմք չի, ընտրարշավ չեն կազմակերպում, երեխաներին չեն բերում, չեն շարում, մասովկա չեն ստեղծում, որ ցույց տան, որ իրանք ժողովրդի մոտ հեղինակություն ունեն։ Էլի եմ ասում՝ Ուջանում կա 3 հազար 362 բնակիչ, դա Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության պաշտոնական կայքից վերցված տվյալներ են, մասնակցել է ընդամենը մի քանի հարյուր հոգի մարդ՝ երեխեքին չհաշված։

Նազելի Բաղդասարյան․ - Եթե խոսում ենք երեխաների օգտագործումից և այլ երևույթներից, ընդամենը նախորդ օրվա ընթացքում տեղի է ունեցել այն, ինչ-որ վարչապետ Փաշինյանն արել է իր կառավարման ողջ ընթացքում՝ պարբերաբար հանդիպումներ տարբեր համայնքներում։ Նախորդող շաբաթվա ընթացքում էլ եղել է մեկ այլ համայնքում հանդիպում, որը ոչ էլ լուսաբանվել է, իրապես նախորդ կիրակի օրը, ես ձեզ վստահեցնում եմ։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում, եթե խոսում ենք չմեկնարկած քարոզարշավի մասին, ապա «Հայրենիքի փրկության շարժումը» դեռ ամիսներ առաջ էր այս ամենի մեկնարկը տվել և տխրահռչակ վախճան ունենալով մի քանի համայնքներում, այդ թվում՝ Շիրակի մարզում և Գյումրիում՝ չկարողացավ իր պրոցեսները շարունակել և գեներացնել։

«Ազատություն»․ - Բայց ժամանակին ընտրությունների մասին խոսակցություն չկար։

Նազելի Բաղդասարյան․ - Ընտրական օրենգիրքը, եթե օրենքին ենք հղում տալիս, ասում է, որ ընտրական քարոզչությունը չի արգելվում օրենքով նախատեսված այլ ժամկետներում, այստեղ օրենքի խախտում չունենք, և վերջապես վերադառնան երեխաների թեմային՝ երեխաներին քարոզչական պրոցեսների մասին օգտագործելու թեզն առաջ է տանում մեկ քաղաքական ուժ, որի քաղաքական գովազդներում մշտապես եղել են երեխաներ, իսկ Գովազդի մասին օրենքով երեխաներին չի կարելի օգտագործել այն էլ քաղաքական պրոցեսներում։

«Ազատություն»․ - Դուք Դաշնակցությա՞նը նկատի ունեք։

Նազելի Բաղդասարյան․ - Անշուշտ։ Նախորդ օրը տեղի ունեցած հանդիպումը եղել է հանդիպում ժողովրդի հետ, իսկ մեր բալիկները նաև ժողովրդի մեկ մասն են։

«Ազատություն»․ - Համենայն դեպս, քննարկումը շատ բուռն ծավալվեց, առաջիկայում, ի՞նչ եք կարծում, պե՞տք է խուսափել նման հանդիպումներից, թե՞ Դուք կարծում եք, որ սա վարչապետի հանդիպում է։

Նազելի Բաղդասարյան․ - Եթե բալիկներ ներկա լինում են, ես այտեղ իրապես խնդիր չեմ տեսնում և պնդում եմ, որ սա եղել է հանդիպում քաղաքացիների հետ, որովհետև նախընտրական քարոզչություն տանել առանց նախընտրական ծրագրի, գոնե մեր քաղաքական ուժի համար, ընդունելի տարբերակ չէ, իսկ քանի դեռ չկա նախընտրական ծրագիրը, ես կարծում եմ, որ քարոզչության մասին չարժի խոսել։

Բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG