Մատչելիության հղումներ

«Փաշինյանի հայտարարությունը անհապաղ քննարկման կարիք չունի». Մոսկվայում արձագանքում են հայաստանյան զարգացումներին


Մինչ Հայաստանում ընդդիմությունը հայտարարում է, թե վստահ չէ, որ հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ռուսաստանցի պաշտոնյաները և ռուսաստանյան մամուլը ցույց են տալիս, որ ամեն ինչ գիտեն Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին։

Կրեմլն այսօր մեկնաբանել է ապրիլին հրաժարական տալու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը և մասնավորապես այն, թե արդյոք Փաշինյանը սա քննարկել է Պուտինի հետ։

«Նա կշարունակի գործել որպես վարչապետ, ուստի այս որոշումը, որը հրապարակվեց, անհապաղ քննարկման կարիք չունի», - մեկնաբանելով Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարությունն՝ այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, թե Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը «շփվել են բոլորովին վերջերս, և շփումները շարունակվում են»:

Վերջին անգամ, հիշեցնենք, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել մարտի 26-ին` նույն օրը, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց երկրորդ նախագահի գործով դատավարության մասին որոշումը։

Ռուսաստանցի պաշտոնյաներն ու Կրեմլի վերահսկողության տակ գտնվող մամուլը միշտ ընդգծում են Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հատուկ՝ ընկերական հարաբերությունները։

Ուրբաթ օրը Կրմելի հրապարակած կարճ հաղորդագրության համաձայն, Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, և առաջնորդները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, գոհունակությամբ արձանագրել, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և մնում է ընդհանուր առմամբ հանգիստ։

Ռուսաստանցի փորձագետները շեշտում են, որ Կրեմլի համար այսօր կարևորն այն չէ, թե ով կլինի Հայաստանի վարչապետն, այլ՝ այն, որ պահպանվեն նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի դրույթները, որոնց համաձայն Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում տեղակայել է խաղաղապահ զորքեր։

Հրապարակավ պաշտոնական Մոսկվան միշտ ընդգծում է, որ հայաստանյան ներքին զարգացումները Հայաստանի ներքին գործն է։

Մարտի 18-ին, մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին պատասխանելիս ասել էր, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը նման հարցեր չի մեկնաբանում, քանի որ դրանք դիտարկում է որպես ինքնիշխան պետության ներքին գործ։

Այդուամենայնիվ, հայաստանյան զարգացումները հետպատերազմյան շրջանում ակտիվ քննարկվում են թե՛ ռուսական դաշնային հեռուստաընկերությունների եթերներում, թե՛ մամուլում, թե՛ հատկապես ռուսական Telegram ալիքներում։

Փաշինյանի հայտարարությունը՝ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում

Փաշինյանի հրաժարական տալու մասին հայտարարությունը նույնպես հայտնվել է ռուսական մամուլի ուշադության կենտրոնում, ընդ որում ռուսաստանցի հեղինակները, ինչպես և Պեսկովը, նախևառաջ շեշտում են, որ Փաշինյանի հրաժարականը ոչինչ չի փոխում, նա շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան հունիսի 20-ին։ Մինչ այդ Փաշինյանը կկատարի վարչապետի պարտականությունները։

Հանրապետությունում քաղաքական ճգնաժամը սկսվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ Ադրբեջանի հետ զինադադարի ստորագրումից հետո։ Եռակողմ համաձայնագրով հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող շրջանների մի մասը անցել է Ադրբեջանին։

«Փաշինյանի քաղաքական հակառակորդները և ընդդիմադիր ընդդիմադիր տրամադրված բնակչությունը դժգոհ են մնացել հրադադարի պայմաններից՝ վարչապետին մեղադրելով Ադրբեջանի առջև կապիտուլյացիայի և սեփական ժողովրդին դավաճանելու մեջ։ Երկրում սկսվել են զանգվածային հանրահավաքներ, ցուցարարները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը», - այսօր գրում է РБК-ն:

«Հայաստանի վարչապետը հրաժարական կտա երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ: Եվ կրկին միայն նրա համար, որ մնա իշխանության ղեկին»․ սա էլ «Կոմերսանտ»-ում այսօր հրապարակված հոդվածի վերանգիրն է։

«Կոմերսանտ»-ը նկատում է՝ Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարությունից առաջ Հայաստանում ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ․ աղմկահարույց քրեական գործը, որի շրջանակներում Փաշինյանի հիմնական քաղաքական մրցակից Ռոբերտ Քոչարյանին և ևս մի քանի նախկին բարձրաստիճան հայ պաշտոնյաներին մեղսագրվում էր «սահմանադրական կարգի տապալումը», հայտնվել է փլուզման եզրին։

Քոչարյանի փաստաբանները նշում են, որ այժմ իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: «Երբ դա տեղի ունենա, վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտահրավեր նետած նախկին նախագահ Քոչարյանը, փորձագետների կարծիքով, լիարժեքորեն կմտնի նախընտրական մրցավազքի մեջ, ընդ որում՝ քաղաքական պայքարի առաջին փուլի հաղթողի կարգավիճակով», - գրում է «Կոմերսանտ»-ը։

XS
SM
MD
LG