Մարտի 25-ից սկսած Վրաստանում կմեկնարկի 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումն ընդդեմ Covid-19-ի, այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Թիքարաձեն։
«Բնակչության այդ խմբի համար կորոնավիրուսային վարակը առավել մեծ վտանգ է ներկայացնում, ուստի մենք որոշեցինք տարեցների պատվաստումն իրականացնել բուժաշխատողների պատվաստումներին զուգահեռ», - հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարը։
Դրա հետ մեկտեղ Թիքարաձեն խոստովանել է, որ առողջապահության համակարգի աշխատակիցների պատվաստման տեմպերը սպասվածից ցածր են։ Վերջին տվյալների համաձայն` Վրաստանում պատվաստված բուժաշխատողների թիվը հասել է 3800-ի։
«Պատվաստման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն։ Օրական պետք է պատվաստվի շուրջ երեք հազար մարդ։ Այսօր, սակայն, այդ ցուցանիշը չի գերազանցում հազարը», - հայտարարել է Վրաստանի գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեն։