Արմեն Սարգսյանն այսօր ավելի վաղ հայտարարեց, թե չի ստորագրում Արտակ Դավթյանին ԶՈւ Գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և իր առարկություններն ուղարկել էր կառավարություն։
«Այսօր արդեն վարչապետի աշխատակազմի կողմից նախագահի աշխատակազմին է ուղարկվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագրի հիմնավորումները», - «Ազատությանը» փոխանցեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Ավելի վաղ նախագահ Սարգսյանը չէր ստորագրել նաև Օնիկ Գասպարյանին շտաբի պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, ինչից օրեր անց վարչապետը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը ազատված է իրավունքի ուժով։
Արդյո՞ք նույնը տեղի կունենա նաև հիմա։ Փաստաբան Արա Ղազարյանը ենթադրում է, որ այս անգամ ևս համապատասխան ժամկետից հետո կառավարությունը կհայտարարի, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժող նշանակված է, սակայն, ըստ Ղազարյանի, առայժմ այդ գործընթացները պետք է սառեցվեն․ - «Պետք է կասեցվեն բոլոր վարույթները, որովհետև այդ ամբողջը արվում է օրենքի հիման վրա, բայց օրենքի սահմանադրականությունը հարցականի տակ է»։
Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը։ Նա հայտարարել էր, որ դատարանի կողմից որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը:
Փաստաբանի կարծիքով, մինչև բարձր դատարանի՝ այս հարցով որոշման կայացումը վիճակվող օրենքից բխող գործողությունները պետք էր կասեցնել, ինչը կառավարությունը չի արել․ - «Եթե նախագահը բարձրացնում է օրենքի որոշակիության հարցը սահմանադրաիրավական հարաբերությունների տեսանկյունից, այսինքն՝ կասկած է հայտնում, որ օրենքում կա իրավական անորոշություն, իսկ իրավական որոշակիությունը դա ֆունդամենտալ իրավունք է, դա նշանակում է, որ ցանկացած հրամանագիր, որ ապագայում և ներկա պահին բխում է օրենքից, կարող է անօրինական լինել՝ եթե դա ընդունվել է հակասահմանադրական օրենքի հիման վրա»։
Սահմանադրական դատարանը ստացված դիմումը պետք է քննի ողջամիտը ժամկետում՝ մինչև 6 ամիս, սակայն փաստաբանն ասում է, որ դատարանը պետք է ավելի արագ գործի, քանի որ ստեղծված ճգնաժամը դեռ չի հանգուցալուծվել։ Ըստ Ղազարյանի, Սահմանադրական դատարանի որոշումը հետադարձ ազդեցություն ևս կարող է ունենալ․ - «Որպեսզի նման խնդիր չառաջանա, նախ պետք է ՍԴ-ն որոշում կայացնի օրենքի վերաբերյալ, նոր դրանից հետո արդեն սկսի հրամանագրեր ընդունել»։
Այս տեսանկյունի հետ համաձայն չէ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է, որ ՍԴ-ի կողմից եթե անգամ կասեցման որոշում լինի, այն չի կարող տարածվել ավարտված հարաբերությունների վրա։
Պետք է արձանագրել, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով վիճարկվող իրավական նորմի կասեցումը հնարավոր է միայն, եթե նման որոշում չկայացնելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար։ Սա չափազանց բարձր շեմ է։ Բացի դա, ՍԴ-ի կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է. կլինի դա հրամանագրով կամ իրավունքի ուժով, էական չէ:
Մինչ Արտակ Դավթյանի նշանակման հարցը առկախված է, երեկ ՊՆ-ից տեղեկացանք, որ Գլխավոր շտաբի պետի ժամանակակոր պաշտոնականտար է նշանակվել գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։