Մատչելիության հղումներ

Նախագահի դիմումը Սահմանադրական դատարան ոչինչ չի փոխի, վստահ է Տիգրան Եգորյանը


Հանրապետության նախագահը խնդրում է Սահմանադրական դատարանին որոշել «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Դիմումը նախագահականից դատարան է հասել այսօր:

Նախագահ Սարգսյանը հույս ունի, որ բարձր դատարանն արագ որոշում կկայացնի ու կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը։ Հիշեցնենք՝ նախագահը նախատեսված ժամկետում Սահմանադրական դատարան չդիմեց՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկության մասով, և այսօր կառավարության ղեկավարը հայտարարեց՝ Գլխավոր շտաբի պետը իր պաշտոնից իրավունքի ուժով ազատված է համարվում։

Փաստաբան Տիգրան Եգորյանի կարծիքով՝ նախագահի այսօրվա դիմումը դատարան ոչինչ չի փոխի. «Նախագահն ունի նման լիազորություն, օգտվել է այդ լիազորությունից: Այդ լիազորությունից այդ ժամանակահատվածում օգտվելը պայմանավորված է որոշակի քաղաքական նկատառումներով»:

Ի սկզբանե հանրապետության նախագահը վարչապետին առարկել էր` Գլխավոր շտաբի պետին ազատելու նրա առաջարկը առերևույթ հակասահմանադրական դիտարկելով, սակայն դատարան չդիմեց, և այժմ նոր պետի նշանակման առաջարկն է սեղանին:

Փաստաբան Եգորյանը վստահ է՝ իրավական որևէ խնդիր կամ հակասություն այս գործընթացում չկա. «Անկախ նրանից` նախագահը կարծել է, չի կարծել, վերաիմաստավորել է, թե վերաքննարկել է, իր խնդիրն է, փաստն այն է, որ չի իրականացրել իր` Սահմանադրությամբ երկու հնարավորությունը, և այդպիսի լիազորություններից չօգտվելու արդյունքում Սահմանադրությամբ սահմանված կարգով իրավունքի ուժով կատարվել է, ի կատար է ածվել այդպիսի լիազորության արտահայտումը` ազատումը»:

Սեփական պաշտոնանկությունը Վարչական դատարանում վիճարկելու մասին է հայտարարել Օնիկ Գասպարյանը։ Ըստ փաստաբանի՝ դատարանն իրավասու չէ քննել այդպիսի հարց. «Դատարանը չի կարող քննարկել վարչապետի, նախագահի և Սահմանադրության գործողությունն այս մասով»:

Իրավաբանների մի խումբ պնդում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել, նա նշանակվել է 5 տարով, և վարչապետն ու նախագահը նրան պաշտոնանկ անելու լիազորություն չունեն։

«Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է Գլխավոր շտաբի պետի հատուկ կարգավիճակը որպես թիվ մեկ զինվորականի և ապահովում է, որ վերջինս նշանակվում է պաշտոնի օրենքով սահմանված ժամկետով, այն է` 5 տարի։ Նշվածը երաշխավորում է, որ ԳՇ պետը կատարի Սահմանադրությամբ իր պարտականությունը, այն է` ապահովի ի թիվս այլի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ արտաքին և ներքին սպառնալիքներից և կախված չլինի քաղաքական զարգացումներից», - նշում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա ֆեյսբուքյան գրառմամբ շեշտում է՝ հանրապետության նախագահը կարող է միայն նշանակել վարչապետի առաջարկությամբ Գլխավոր շտաբի պետին և չունի ազատելու լիազորություն։ Տիգրան Եգորյանը պնդում է՝ եթե Սահմանադրությամբ ազատելու լիազորությունը նշված չէ, չի նշանակում, որ չկա. «Երբ Սահմանադրությունը տրամադրում է լիազորություն` նշանակելու կոնկրետ պաշտոնատար անձի, ապա այդ լիազորությամբ օժտված պետական մարմինը` պաշտոնատար անձը ունի նաև ազատելու լիազորություն»:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն էլ է շեշտում՝ շտաբի պետը նշանակվում է ֆիքսված ժամկետով. «Վարչապետի առաջարկությունը հակասահմանադրական է, նախագահը դա ֆիքսել էր, բայց կիսաքայլ արեց. ասելով հանդերձ, որ առաջարկը հակասահմանադրական է, նա հրաժարավեց դիմել Սահմանադրական դատարան»:

«Ինչ վերաբերում է 5 տարվա ժամկետին, դա առավելագույն սահմանաչափն է սահմանված, ճիշտ է, սխալ է, այլ հարց է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում մինչև 5 տարվա ժամկետն ընկած ժամանակահատվածում որևէ կետում այդպիսի անհրաժեշտության և նպատակահարմարության պարագայում Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու, պաշտոնից ազատելու հնարավորությունը և լիազորությունը», - նշում է Եգորյանը:

Օրենսդրությամբ շտաբի պետին ազատելու հիմքեր շարադրված չեն, բայց չի նշանակում, որ նրան ազատելու հնարավորություն վարչապետը չպետք է ունենա, հակառակ իրավիճակն անկառավարելիությունն է, ասում է փաստաբան Տիգրան Եգորյանը. «Զինված ուժերը Հայաստանի Հանրապետությունում գտնվում են կառավարության ենթակայության ներքո, դրանք պետք է ամբողջությամբ ենթարկվեն կառավարությանը, գտնվեն քաղաքացիական վերահսկողության ներքո, և դրանց հրամանատարական ուղղաձիգի ամենավերին կետն այսօրվա դրությամբ գործող Սահմանադրությամբ վարչապետն է, վերջ»:

Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության այս պատմությունը շարունակում է մնալ իրավական վեճի թեմա: Այս ամենը հակասահմանադրական գործընթաց համարողներն էլ և նրանք, որ նույնը ճիշտ ու սահմանադրական են համարում, ոչ մի ակնկալիք չունեն այն դիմումից, որ այսօր հանրապետության նախագահը ուղարկել է բարձր դատարան։ Ասում են՝ ոչինչ չի փոխի։

XS
SM
MD
LG