Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է զբաղեցրած պաշտոնից, առավոտյան հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ Սրան հաջորդեց Գլխավոր շտաբի պետի հայտարարությունը՝ իրեն պաշտոնից ազատելու Փաշինյանի հրամանագիրը հակասահմանադրական է:
Գեներալ-գնդապետ Գասպարյանը գնալու է իրավական ճանապարհով. Փաշինյանի հրամանագիրը վիճարկում է վարչական դատարանում։
«Իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով», - իր ուղերձում նշել է Օնիկ Գասպարյանը։
«Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։ Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։ Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման», - ասված է ուղերձում։
Վարչապետն այսօր միջնորդել է նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակել նախկին պետ Արտակ Դավթյանին։ Նախագահը դեռ չի ստորագրել հրամանագիրը։
Արտակ Դավթյանին Փաշինյանը այս պաշտոնից ազատեց տասն ամիս առաջ՝ կարանտինի պայմաններում սեփական տանը որդու հարսանիքն անելու համար։
Փաշինյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատել է ռազմական հեղաշրջման փորձ կատարելու, քաղաքական գործընթացներին միջամտելու համար։ Իսկ նրա թեկնածուն՝ Արտակ Դավթյանը «Ազատության» հետ զրույցում օրեր առաջ հայտարարել է, թե իր կարծիքով, Գլխավոր շտաբն այդ հայտարարությամբ քաղաքականությանը չի խառնվել։
«Քաղաքականությանը խառնվելու որևէ բան չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ պետությունում գործերը լավ չեն։ Դա է ասում, որ ընդհանուր իրավիճակը այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների», - ասել էր Դավթյանը։
Հայտնի չէ, թե Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում նշանակվելու Փաշինյանի առաջարկից հետո Դավթյանը դիրքորոշումը փոխվել է, թե նույնն է մնացել։ Նա չպատասխանեց հարցին։ Անպատասխան թողեց նաև մյուս հարցը. ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը Փաշինյանի հրաժարականը պահանջող բարձրաստիճան զինվորականների հետ։
Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին Փաշինյանը հայտարարեց երկու շաբաթ առաջ, Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո։ Գլխավոր շտաբը հայտարարել էր՝ գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Այս հայտարարությանը միացել են Գլխավոր շտաբի գրեթե բոլոր վարչությունների ղեկավարները, շուրջ 40 բարձրաստիճան զինվորականներ։
«Եվ ես էլի ասում եմ՝ Օնիկ Գասպարյանը պետք ա հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայությանը», - մարտի 1-ի հանրահավաքում ասել էր Փաշինյանը։
Այսօր իր ուղերձով Օնիկ Գասպարյանը զինվորականներին հորդորել է շարունակել ծառայությունը։ Ավելի ուշ Զինված ուժերի ղեկավար կազմից հայտարարություն եղավ, որ միանում են գեներալ-գնդապետ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ տրված գնահատականները։
«ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական», - ասված է հայտարարությունում։
Նախագահ Արմեն Սարգսյանը գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու Փաշինյանի հրամանագիրը համարել էր հակասահմանադրական, բայց այդպես էլ չվիճարկեց դրա օրինականությունը բարձր դատարանում։ Փոխարենը դիմել է դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Մինչ նախագահը կորոշի՝ ստորագրել, թե ոչ Արտակ Դավթյանի նշանակումը, Փաշինյանն այսօր շտապել է Պաշտպանության նախարարություն, հանդիպել զինվորականներին։
Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունը փոխել է նաեւ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ծրագիրը։ ԼՀԿ-ն պատրաստ էր Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների անցկացման հուշագիր ստորագրել, եթե վարչապետը հրաժարվեր Գլխավոր շտաբի պետին ազատելու իր որոշումից։ Այդ հուշագրով պարտավորվում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում չառաջադրել վարչապետի թեկնածու և նշանակել ընտրություններ։
Ընդդիմադիր խմբակցությունը հուշագիր չի ստորագրի։ «Մեզ մի բան ակնհայտ ա, որ եթե չլինի արտահերթ ընտրություններ, երկիրը շարունակելու է մխրճվել ներքաղաքական, հումանիտար, սոցիալական, տնտեսական ճգնաժամի մեջ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը դարձել ա Հայաստանի զինված ուժերի օրակարգ։ Ով որ դեմ ա էդ օրակարգին, ուրեմն դեմ ա գնում նաև Զինված ուժերին», - ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո Փաշինյանը վերադարձավ արտահերթ ընտրությունների փակված էջին։ Խորհրդրանական ընդդիմադիր խմբակցություններին հրավիրեց քննարկման։ «Բարգավաճ Հայաստանից» դեռ չեն արձագանքել նրա հրավերին։ Իշխող խմբակցությունից էլ չեն հստակեցնում՝ անկախ ընդդիմադիրների արձագանքից, Փաշինյանը երկրում լարված իրավիճակը ընտրություններով հանգուցալուծելու ուղով գնալո՞ւ է, թե՞ դարձյալ նահանջելու է։