Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Այդ մասին տեղեկացնում է նախագահի գրասենյակը։
Վարչապետը երեկ հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, ավելի ուշ միջնորդեց նախագահին ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին։
ԶՈւ ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին։
Հիշեցնենք՝ 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո Դավթյանը ստանձնել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, 2020-ի հունիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ Իսկ 2020-ի հուլիսից մինչև նոյեմբեր Դավթյանը զբաղեցրեց Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը:
Նշենք նաև, որ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով օրերս նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։