Մատչելիության հղումներ

«Իրենց սև գործն արեցին երկուսով, հիմա ինչ-որ հանդիպումներ ե՞ն խնդրում», Սաղաթելյանն արձագանքում է նախագահի հրավերին


«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ շարժումը հանդիպելու վերաբերյալ նախագահի հրավերը կարող է ընդունել միայն մի դեպքում, եթե քննարկման օրակարգում լինի վարչապետի հրաժարականի հարցը:

«Իրենց սև գործն արեցին երկուսով, հիմա ինչ-որ հանդիպումներ ե՞ն խնդրում: Իմ անունից եմ ասում, ինձ մոտ տպավորություն է, որ իրենք երկուսով սև գործն արեցին, հիմա ինչ-որ քննարկումների ե՞ն մեզ տանում: Ընդհանրապես քաղաքական հարցերում, հանդիպումներում մենք կոմպլեքս չունենք, խնդիրը հետևյալն է` ինչի՞ մասին պետք է խոսենք, մեզ համար կարևորը ցանկացած հանդիպման ժամանակ օրակարգն է:

Եթե Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզն ենք քննարկելու... բայց եթե ինչ-որ հերթական, ներողություն, բայց կապիկության համար քննարկումներ են, մենք այդտեղ չկանք», - երեկոյան հանրահավաքին հաջորդած երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը:

Քիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին հանդիպման հրավերով:

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները երեկվանից փակել են նաև Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցը: Նրանցից ոմանք անգամ այնտեղ գիշերել են, մի քանի վրաններ կան տեղադրված:

Այսօր վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները հանրահավաք իրականացրին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում: Նրանք կրկին անդրադարձան նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը` Սահմանադրական դատարան չուղարկել վարչապետի առաջարկը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն Արմեն Սարգսյանի այդ քայլը դավաճանություն որակեց` հայտարարելով, որ նախագահը ևս միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի քանդեն բանակը:

Նա ասաց, որ զինվորականները չպետք է ենթարկվեն իշխանություններին. «Երեկվա այս բանից հետո, երբ որ մենք վերցրինք Դեմիրճյան փողոցը, և երբ որ այդ հրամանը լիներ, ես Օնիկի տեղը լինեի, կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին, ինքը չգնաց այդ քայլին, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հաղթել, որովհետև բանակը նորից ասաց` ճիշտ է` Օնիկը դուրս է գալիս, բայց մենք մնում ենք նույն կարծիքին` մեր երկրի վտանգը Նիկոլ Փաշինյանն է: Դա հայտարարվեց բանակի կողմից, դա հայտարարեցին, ինչքան գիտեմ, մեկինն եմ կարդացել` կորպուսի հրամանատարը: Հիմա ի՞նչ է սպասվում բանակին: Նախ և առաջ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը: Ինքը կուզենա այդ բոլոր ստորագրողները, որոնք փետրվարի 25-ին ստորագրել էին, բոլորին դուրս հանի, բանակը նորից ջարդի: Մենք նորից նոր պատերազմի առջև ենք կանգնած, հիշեք այդ բանը: Ինքը մե բանակը ջարդեց այն պատերազմից առաջ, հիմա էլի ուզում է ջարդել: Կհաջողվի՞ իրեն, դա կախված է և մեզանից, և կախված է նրանից, թե զինվորականությունը ինչքան երկար կշարունակի ենթարկվել տարբեր անօրինական հրամաններին: Ես կոչ եմ անում, որ չենթարկվեն: Մենք սկսեցինք, երբ որ բանակը դեռ կողմնորոշված չէր, բանակը կողմնորոշվեց, դա մեզ մեծ ուժ տվեց, մենք շարունակելու ենք մեր պայքարը, չկա Օնիկ Գասպարյանը, ավելի շուտ ինչ-որ իրավական հարցեր են, որը ես չեմ էլ ուզում խորոնամ էլ, բայց մենք նույն ձևի շարունակելու ենք այս պայքարը», - ասաց Մանուկյանը:

Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էլ նշեց, որ չնայած Գլխավոր շտաբի պետը ազատվել է պաշտոնից, սակայն ամենևին դա չի նշանակում, որ իրենց շարժման վրա որևէ կերպ կարող է ազդել այդ իրավիճակը:

Նա ասաց նաև, որ ժողովուրդն ապստամբության իրավունք ունի: Նշենք, որ ավելի վաղ նման բովանդակություն ունեցող կոչեր արվել էին ընդդիմադիրների կողմից, ինչի համար էլ քրեական գործ է հարուցվել, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մեղադրյալի կարգավիճակ ունի:

«Մեր շարժումը չէինք սկսել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի աշխատանքի ապահովման համար, մենք մեր շարժումը սկսել ենք հանուն մեր հայրենիքի փրկության, հետևաբար եթե Գլխավոր շտաբի պետին կարողանան անօրինական ճանապարհով աշխատել, և Գլխավոր շտաբի պետը տեղի տա նախագահի, վարչապետի հակաօրինական, հակասահմանադրական քայլերին և հեռանա, մեր պայքարը որևէ կերպ չի տուժելու», - ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ելույթներին հաջորդեց երթը դեպի Կառավարության շենք:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG