Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երեկվանից փակ են պահում նաև Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցը։ Ցուցարարներից որոշներն այստեղ են գիշերել՝ վրաններում։ Ընդդիմադիրները Դեմիրճյան փողոցը փակեցին երեկ երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան չի դիմելու՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ վարչապետի առաջարկի հարցով։
Թեև «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին դիմել էր կոչով, որպեսզի նրանք առավոտյան հավաքվեն Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում, սակայն կոչին ոչ բոլորն էին հետևել։ Սաղաթելյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ ցուցարարներից շատերն ամբողջ գիշեր տարածքում են եղել. «Գիշերած քաղաքացիների մի մասը, բնականաբար, այս պահին գնացել է հանգստանալու, փոխվելու և այլն, վերադառնա, ժամը 4-ին նախատեսված է մեր հանրահավաքը, կգաք և կտեսնեք` որքան քաղաքացի կա: Ազգային ժողովի մուտքերը շարունակելու են մնալ շրջափակված»:
Դիտարկմանը, որ երեկ նախատեսում էին, որ առավոտյան արդեն պետք է շրջափակեն Ազգային ժողովի մուտքերը, Սաղաթելյանն արձագանքեց. «Հիմա շրջափակվա՞ծ չեն մուտքերը: Եթե (մարդիկ) չկան, թող մի պատգամավոր գա խորհրդարան»:
Այնուամենայնիվ, պատգամավորներն այսօր անարգել Ազգային ժողով էին մտել։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում արտահերթ նիստ կար։ Բացի այդ, խորհրդարանականները քննարկեցին «Անհայտ կորած անձանց մասին» օրինագիծը։ Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն առավոտյան ասաց, որ մինչ այսօրվա հանրահավաքը այլ գործողություններ էլ են նախատեսում. «Մինչ հանրահավաքը կլինեն բողոքի, անհնազանդության ակցիաներ, տեղի կունենա հանրահավաքը, հանրահավաքի ժամանակ կորոշենք օրվա անելիքները»:
Ընդդիմադիրների պահանջը մնում է նույնը՝ վարչապետի հրաժարականը, սակայն անելիքներն են ավելացել, ասում է Սաղաթելյանը. «Իրավիճակը շատ պարզ է` վարչապետի աթոռին հայտնված և այդ աթոռը զբաղեցրած անձը կրկին տապալում է սահմանադրական կարգը: Այսօր մեր անելիքներին ավելացել է դա, ու պետք է թույլ չտանք, որպեսզի վարչապետի աթոռին նստած անձը նախագահի մասնակցությամբ կամ նախագահի անգործունեությամբ տապալի մեր երկրում սահմանադրական կարգը»:
Վարչապետի հրաժարականը պահանջող շարժումը 10 օրից ավելի է` փակ է պահում Բաղրամյան պողոտան, որտեղ այսօր ևս հանրահավաք են նախատեսում։