Մատչելիության հղումներ

«Ես Օնիկի տեղը լինեի, կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին», հայտարարում է Վազգեն Մանուկյանը


Բանակն իրեն պահեց օրինապաշտ, ես այդպես ինձ չէի պահի, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Երեկվա այս բանից հետո, երբ որ մենք վերցրինք Դեմիրճյան փողոցը, և երբ որ այդ հրամանը լիներ, ես Օնիկի տեղը լինեի, կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին, ինքը չգնաց այդ քայլին, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հաղթել, որովհետև բանակը նորից ասաց` ճիշտ է` Օնիկը դուրս է գալիս, բայց մենք մնում ենք նույն կարծիքին` մեր երկրի վտանգը Նիկոլ Փաշինյանն է: Հիմա ի՞նչ է սպասվում բանակին: Նախ և առաջ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը: Ինքը կուզենա բոլոր ստորագրողներին դուրս հանի, բանակը ջարդի», - ասաց Մանուկյանը:

Նա կոչ արեց չենթարկվել անօրինական հրամաններին. «Ես ինքս օրինապաշտ մարդ եմ, բայց ես գտնում եմ, որ կան հարցեր, որոնք օրենքից էլ բարձր են կանգնած: Եթե դու զգում ես, որ հայրենիքդ վտանգի առջև է կանգնած, և կորցնում ենք հայրենիքը, այդ դեպքում պիտի անես այն, ինչ որ թելադրում է իրավիճակը»:

Ընդդիմության վարչապետի թեկնածուն շեշտեց` իրենք շարունակելու են այս պայքարը:

Հիշեցնենք, որ այսօրվա իր ուղերձում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վերահաստատել էր՝ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Նա նաև տեղեկացրել է՝ դիմել է Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։ Դրան նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Վարչապետը դիմել է նախագահին Արտակ Դավթյանին Գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդությամբ:

Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երեկվանից փակ են պահում նաև Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցը։ Ընդդիմադիրները Դեմիրճյան փողոցը փակեցին երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան չի դիմելու՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ վարչապետի առաջարկի հարցով։

Վարչապետի հրաժարականը պահանջող շարժումը 10 օրից ավելի է` փակ է պահում Բաղրամյան պողոտան:

XS
SM
MD
LG