Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» սպասում է նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, որ ըստ այդմ քայլերը հստակեցնի։
Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ակնկալում է վաղվա հանրահավաքին ընդառաջ Արմեն Սարգսյանը կհայտարարի՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Փաշինյանի առաջարկը վիճարկելու է Սահմանադրական դատարանում, թե ոչ։
«Կորոշենք մեր անելիքները, կպայմանավորվենք ժողովրդի հետ ու կշարունակենք մեր աշխատանքները», - հայտնեց Իշխան Սաղաթելյանը:
Դաշնակցական Սաղաթելյանն ասաց՝ երեկ շարժման ներկայացուցիչներից հանրապետական Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպմանը Սարգսյանը խոստացել է իր որոշման մասին վաղը հրապարակել։ Արմեն Սարգսյանն էր հետ ուղարկել Փաշինյանին հրամանագիրը՝ եզրակացնելով, որ այն հակասահմանադրական է, անհասկանալի է՝ ինչո՞ւ է հրաժարվում այն վիճարկել բարձր դատարանում, տարակուսում է Սաղաթելյանը։
«Բոլոր հարցերի պատասխանը պետք է տա նախագահը: Մենք հնչեցրել ենք մեր պահանջը շատ կարճ, կբավարարվի, շատ ավելի լավ, չի բավարարվի, դա մեր շարժման ընթացքի վրա որևէ կերպ չի կարող անդրադառնալ», - նշեց շարժման համակարգողը:
«Հայրենիքի փրկության շարժումը» Բաղրամյան պողոտա տեղափոխվեց ու շուրջօրյա ցույցեր սկսեց փետրվարի 25-ից, երբ Գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հայտարարեցին՝ չեն հեռանա մինչև Փաշինյանը հրաժարական չտա։ Վարչապետը հրաժարականի փոխարեն բացեց արտահերթ ընտրությունների փակված էջը։ Դարձյալ հանդիպումներ է նախաձեռնել խորհրդարանական ուժերի հետ։
Իսկ ի՞նչ ծրագիր կա Բաղրամյան պողոտայում, մինչև ե՞րբ են մնալու այստեղ և ի՞նչ փոփոխություն են ակնկալում ամենօրյա ցույցի ու երթի օրակարգով, Սաղաթելյանն արձագանքեց. «Մենք ակնկալիքներ ունենք, դեռ հույս ունենք: Այդ պահանջներն ամբողջությամբ օրենքի սահմանում են և իրենց բուն պարտականությունն են, ոչ թե մեր կապրիզը, չի բավարարվի, ըստ դրա մեր քայլերի ու մարտավարության մեջ կորոշենք ինչ փոփոխություններ ենք անում ու կգնանք առաջ»:
Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ մոտ մեկ շաբաթ առաջ ցուցարարներին վստահեցնում էր, թե վճռական օրերն առջևում են՝ կոչ անելով պատրաստվել կտրուկ գործողությունների։ Ի՞նչ են նշանակում այդ վճռական գործողությունները և ինչո՞ւ են ուշանում, հարցրինք Իշխան Սաղաթելյանից: «Գործողություն ասելով ի՞նչ եք հասկանում, էս չափառը թռնենք շենքը վերցնե՞նք, դա 10 րոպեի գործ է, որ օրը, որ ժամին պետք լինի, դա անելու ենք ու ոչ միայն սա: Գործողությունը պետք է ունենա նպատակ, պետք է ունենա արդյունք, եթե հասկանանք՝ դա է բերելու արդյունքի՝ մեր երկիրը փրկելու, այս դավաճաններից ազատելու, կանենք դա: Այս պահին գնում ենք այս ճանապարհով, որովհետև համարում ենք սա ճիշտ», - պատասխանեց Իշխան Սաղաթելյանը:
Բաղրամյան պողոտայում շուրջօրյա պայքարի վրան է տեղադրել նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Փաշինյանը ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին էլ հրավիրել արտահերթ ընտրությունների օրակարգով քննարկման։ Ծառուկյանը կգնա թե ոչ, խոստացել են հայտնել խորհրդի նիստից հետո։ Վարչապետի հրաժարականը պահանջող շարժման շարքերում կո՞ղմ են, որ Ծառուկյանը հանդիպի Փաշինյանին, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Նախորդ հանդիպմանը մեր գործընկերը տեղյակ պահել է հանդիպման մասին, այս հանդիպման առաջարկի մասին ևս: Մեր համար կարևոր են արդյունքները, կլինի արդյունք, կգնահատենք իրավիճակը, եզրակացություններ կանենք, գնահատականներ կտանք»:
Շարժման համակարգողը պնդում է՝ արտահերթ ընտրությունների օրակարգ Բաղրամյան պողոտայում չկա։ Գլխավոր օրակարգը, որի շուրջ միասնական են, Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելն է։
Արտահերթ ընտրությունների օրակարգով Փաշինյանն արդեն հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանին։ «Լուսավորը» դեռ վերջնական որոշում չունի՝ Փաշինյանի հետ ընտրությունների անցկացման հուշագիր կստորագրի, թե ոչ։