Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը ավարտվել է, բայց ցուցարարները չեն հեռացել, Բաղրամյան պողոտայում են: Այս պահին պողոտան մարդաշատ է:
«Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց, բանակն ասաց, որ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց` Օնիկ Գասպարյանին հանելու: Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ», - հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Իսկ եթե Փաշինյանը հաղթի, նշեց Մանուկյանը, այդ դեպքում բնականաբար տրամաբանությունն այն է, որ «բանակը պետք է ոտքի կանգնի»: Այդ ժամանակ նրա խոսքով` ամենավճռական օրերը կսկսվեն Հայաստանի համար. «Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, իսկ եթե չկանգնի, ապա պետք է ոտքի կանգնեցնենք: Մենք շատ գործ ունենք անելու, պատգամավորների հետ աշխատելու, շրջաններ գնալու, բայց այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը, երկու դեպքում էլ տեսնում եմ Նիկոլի պարտությունը»:
Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» շուրջօրյա հանրահավաքներ է սկսել: Ցուցարարները երեկ գիշերել են Բաղրամյան պողոտայում, այնտեղ տեղադրված են վրաններ, իսկ շարժման առաջնորդները հայտարարում են, որ շարունակելու են իրենց շուրջօրյա հանրահավաքներն այնքան, մինչև վարչապետ Փաշինյանը հրաժարական տա:
Առավել մանրամասն տես այստեղ