Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի դիմաց, այսօր ժամը 18։00-ին վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է հրավիրել։
«Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։ Այս իշխանության հեռացումն անխուսափելի է: Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը», - մասնավորապես ասված է շարժման հայտարարությունում։
Նշենք, որ այսօր, ժամը 18։30-ին էլ հանրահավաքի և երթի է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում։
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ հանրահավաք ու երթ էր անցկացրել Հանրապետության հրապարակում այն բանից հետո, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր նրա հրաժարականը, իսկ ինքն էլ այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր որակել: