Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտան փակ է. ԱԺ-ի շենքի դիմաց ընդդիմադիրները վրաններ են տեղադրել


Երևանի Բաղրամյան պողոտայում հավաքված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները: Նրանք վրաններ են այստեղ տեղադրել: Երեք մեծ վրան է տեղադրված, կան նաև մի քանի փոքրերը հենց խորհրդարանի շենքի դիմաց: Փոքր վառարան են նաև տեղադրել, պատրաստվում են այստեղ գիշերել:

Նրանք հայտարարում են, որ այստեղ են մնալու, մինչև իրենց պահանջը չկատարվի, այսինքն` մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, իրենք չեն հեռանա այստեղից:

Ավելի վաղ 17 կուսակցություններն իրենց աջակցությունն էին հայտնել Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությանը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում ունեցած իր ելույթում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի առաջարկին` կոնսուլտացիաներ սկսել քաղաքական ուժերի հետ: Մանուկյանը նշեց, որ կոնսուլտացիաների կարիք իրենք չեն տեսնում, այսինքն` կոնսուլտացիաներ չեն ցանկանում անցկացնել, միակ օրակարգային հարցը, թե ինչի շուրջ կարող են խոսել, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

«Ինքն այդ հրապարակում շատ կոշտ հայտարարություններ է արել, բայց դրա հետ միասին ասում է` ես համաձայն եմ իմ ամենասուր քննադատողների հետ հանդիպենք կոնսուլտացիաների: Մենք սուր քննադատող չենք, մենք իրեն ընդունում ենք որպես մեր հայրենիքի դավաճանի, հազարամյակի թշնամի, իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք, որ քննարկենք` ոնց է ինքը դուրս գալու իշխանությունից: Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում, մեր շտաբն այստեղ է: Ուրեմն փողոցը երկու ծայրից բարիկադներով ամեն օր փակենք լրիվ, կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք իրեն, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Ժողովո՛ւրդ, մենք պատմական բոլոր սերունդների համար ենք հիմա պայքարում, պատմական պահ է, եղեք տոկուն, խիզախ, համբերատար: Կփակենք այս փողոցը, չի աշխատելու այս փողոցը: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ իրենք քվեարկեն, իրեն հանեն: Պատրաստվեք, ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փակելու ենք փողոցը: Պատրաստ եղեք դրան: Հիմա ավելի մանրամասն մեր ընկերները կներկայացնեն ամեն ինչ, ինչ որ պետք է անել այս ժամերի և օրերի ընթացքում, բայց այս պահը բաց թողնել նշանակում է կորցնել հայրենիք, Հայաստան», - ասաց Վազգեն Մանուկյանը:

Այս պահին մարդիկ խաղաղ կանգնած են Բաղրամյան պողոտայում, ելույթներն ավարտվել են:

Ընդդիմադիրները մինչ Բաղրամյան պողոտա հասնելը հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում: Այնտեղ մինչ հանրահավաքի սկսվելը բավականին լարված իրավիճակ ստեղծվեց, երբ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն անցնում էին հրապարակի հարակից փողոցներով, և նույնիսկ փոքր բախումներ եղան` քարեր և շշեր նետվեցին միմյանց ուղղությամբ:

Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ առաջին անգամ ընդդիմությանը միացավ ու հարթակից ելույթ ունեցավ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը: Նշեց, որ մինչ այս չէր հայտնվում հարթակում, քանի որ դեռ Գլխավոր շտաբի դիրքորոշումը չկար. «Բոլորն ասում են` 2016-ին մենք պարտվել ենք, 16-ին խաղաղություն ենք խնդրել, ես երդվում եմ հորս գերեզմանով, մենք թուրքերից երբեք ոչինչ չենք խնդրել, նրանք են մեզ միշտ խնդրել և միշտ նայեն են` մենք ինչ կասենք իրենց: Մենք հաղթող ենք եղել, նրանք` պարտվող»:

Ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրեն Օհանյանը. «Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս հերթական հաջողության համար, մեր նպատակները մեկն են, մեր նպատակները մեծ են, ռազմավարական են, և մենք քայլ առ քայլ, մեր ճանապարհին հարթեցնելով ամեն ինչ, գնում ենք դեպի հաղթանակ: Սիրելի՛ հայրենակիցներ, այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են»:

XS
SM
MD
LG