Արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմադիր խմբակցությունների այսօրվա փորձը ձախողվեց, չնայած նրան, որ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» հավաքել էին անհրաժեշտ թվով ստորագրությունները։
Արտահերթի մասին որոշում ընդունող Ազգային ժողովի խորհրդի նիստ այսօր տեղի չունեցավ, խորհրդարանից ասացին՝ վաղվա հնարավոր նիստի մասին կտեղեկացնեն։ Խորհրդարանական երկու ուժերը ցանկանում էին արտահերթ նիստ հրավիրել՝ ստեղված իրավիճակը քննարկելու ու ելքեր փնտրելու համար։
Ավելի վաղ էլ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն նաև հայտարարություն էին տարածել։ «Բարգավաճը» Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է որակել` հայտարարելով՝ իրենք ժողովրդի կողքին են և ամեն ինչ անելու են երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն ապահովելու համար:
«Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով», - ասված էր ԲՀԿ-ի հայտարարության մեջ:
«Լուսավոր Հայաստանն» էլ իր հերթին հայտարարել է, թե ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է համարում։ Ըստ ընդդիմադիր ուժի՝ երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։
«Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։ Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ տանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։ Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն», - նշել է ԼՀԿ-ն:
Իշխող ուժից արձագանքում են` բախումներ չեն կարող լինել: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը:
Նա ասաց, որ հավանականությունը շատ քիչ է, թե մյուս ուժային կառույցները ևս կմիանան Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ Իշխանական պատգամավորի համոզմամբ` ԳՇ-ի հայտարարությունը մեկ օրում չի պատրաստվել և կապված է բանակում սպասվող լրջագույն բարեփոխումների և կադրային փոփոխությունների հետ:
«Դուք այս ամբողջը, որ տեսնում եք` այդքան ստորագրություններ, դա նշանակում է` այդքան մարդկանց հետ հո մի պարոն Խաչատրյանի հանելուց անմիջապես հետո չհավաքվեցին: Սա եփված թեմա է` իմ կարծիքով, որը վտանգներ պարունակում է: Ես չեմ կարծում` սա «Իսկանդերի» հետ կապ ունի, սա կապ ունի բանակի սպասվող ռեֆորմների հետ», - ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ երկիրը պետք է զերծ մնա ցնցումներից. «Մեր երկրում ներքին բախում չի կարող լինել, ով որ գնում է բախումների, դա մեր պետականության գերեզմանաքարն է դնում, չի կարա էտպիսի բան լինի: Ներքին բախումներ մենք տեսել ենք մարտի 1-ին, մինչև հիմա տակից դուրս չենք գալիս: Մենք պետք է խոսենք, գնում ենք հրապարակ, որպեսզի խոսենք, որովհետև աննախադեպ իրողության ենք առնչվել»:
Իշխող ուժը նաև վարչապետին սատարելու վերաբերյալ առանձին հայտարարություն է տարածել։ «Իմ քայլը» Գլխավոր շտաբի պահանջը հակասահմանադրական քայլ է որակում՝ համարելով՝ այն միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունը փխրուն հետպատերազմյան վիճակում։ Ըստ «Իմ քայլի»` դա հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։
«Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ «Իմ քայլը» խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։ Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության հրապարակ` խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը», - նշել է «Իմ քայլը»:
Ստեղծված իրավիճակին նաև արտախորհրդարանական ուժերն են անդրադառնում։ Ըստ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության` իշխանությունները փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։ ՀՀԿ-ում հայտարարում են, որ եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։
Իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդին կոչ է արել տեր լինել պետությանը, կանգնել Զինված ուժերի, հայոց բանակի կողքին՝ հայտարարելով՝ պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն հանրապետության» կուսակցությունն էլ նախագահին հորդորել է գործընթացներն անցնցում հանգուցալուծելու համար անհապաղ ձեռնարկել բոլոր կողմերի միջև քաղաքական խորհրդակցություններ, նաև կոչ արել անհապաղ գումարել խորհրդարանական արտահերթ նիստ:
«Ժառանգությունում» ևս կարծում են, որ այս իրավիճակում նախագահը, Ազգային ժողովը, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները, ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հանրային ուժերին շտապ համախմբեն, խորհրդակցությունների միջոցով հաղթահարեն վարչապետական ճգնաժամը: