Մատչելիության հղումներ

Սա ռազմական հեղաշրջման փորձ է, բայց վարչապետը ցույց տվեց, որ ունի մեծ աջակցություն. Ստեփան Գրիգորյան


Այսօրվա բուռն իրադարձությունների շուրջ «Ազատությունը» զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

«Ազատություն»․ - Համաձա՞յն եք իշխանության բնորոշման հետ, որ զինվորականների առավոտյան տարածած հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։

Գրիգորյան․ - Նախ ուզում եմ ասել, որ այստեղ համաձայն լինել-չլինելը կարևոր չէ։ Կա միջազգայնորեն ճանաչված ձևակերպում՝ եթե բանակը միջամտում է ներքին քաղաքականության հարցերին․․․ էս դեպքում մենք լսեցինք մի շարք գեներալներից, իրանք պահանջում են վարչապետի հրաժարականը։ Դա նշանակում է, որ բանակը միջամտում է ներքին գործերին։ Դա կոչվում է ռազմական հեղաշրջման փորձ։ Եթե գործողությունների անցնեն, դա կոչվում է ռազմական խունտա՝ անկախ բերվող պատճառաբանություններից։ Ու այստեղ անձերի մասին չի խոսքը։ Եթե ռազմական գործիչները, պաշտոնյաները հայտարարություն անում են, դա ռազմական հեղաշրջման փորձ է։ Գնահատականը մեր կառավարության ճիշտ է, բայց ես ուզում եմ ասել, որ նույնիսկ եթե էդ գնահատականը ես չլսեի․․․ դա իրողություն է։

«Ազատություն»․ - Այս հայտարարությունը համընկավ «Իսկանդերի» շուրջ պատմության հետ, և ոմանք կարծում են, որ սա պատահական չէր․․․ վարչապետի հայտարարությունից հետո, որ չի կրակել, տասը տոկոսն է կրակել, ահա բանակը բանակը այսպիսի հակազդեցությամբ է հանդես գալիս։ Եվ ռուսական մամուլում բավական կոշտ հակադարձումներ էին հնչել Փաշինյանին։

Գրիգորյան․ - Առանձին կքննարկենք ճիշտ էր թե ոչ վարչապետը նման բան ասեց «Իսկանդերի» մասին։ Քանի որ դա շոշափում է նաև ռուսական ռազմաարդյունաբերությանը ոլորտի շահերը, իրենք, պարզ է, ցավոտ ընդունեցին։ Արձագանքը Ռուսաստանում շատ ցավոտ էր։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը իրոք շատ ցավոտ է նայում այս ձևի հարցերին՝ իրենց ռազմատեխնիկայի որակի հետ կապված հարցերին։ Դա ի վերջո պետության իմիջ է, կասկածի տակ է դրվում և այլն, և այլն։ Ես չեմ բացառում, որ դա եղավ խթանը, որ մեզ մոտ բանակում առաջացրեց մեծ դժգոհություն։ Միգուց մարդիկ, լսելով Ռուսաստանի արձագանքը, ասացին՝ տեսաք, Ռուսաստանն էլ դեմ ա, ու ակտիվ գործողությունների անցան։ Այնուամենայնիվ, մենք անկախ պետություն ենք՝ նույնիսկ ունենալով թերություններ, մեր բանակի ղեկավարությունը, Գլխավոր շտաբի ղեկավարությունը պետք է հասկանա, որ պետք է շարժվի միայն պետության շահերով ու Սահմանադրության շրջանակներում։ Ներքին քաղաքականության հարցերի մեջ ինչքան իրանք չմտնեն, էդքան ճիշտ է։

«Ազատություն»․ - Արտաքուստ կարծես հենց էդպես էլ կա։ Կրեմլից հայտարարում են, որ ձեր ներքին գործն է։

Գրիգորյան․ - Օֆիցիալ ամեն ինչ կարելի է ասել, տակից աշխատել։ Ես դժվարանում եմ ասել Ռուսաստանը այս պրոցեսների մեջ մխրճված է թե ոչ, բայց «Իսկանդերի» հետ կապված արձագանքը Ռուսաստանի պաշտոնյաների, հայտնի մարդկանց էս վերջին երկու օրը իր ազդեցությունը ունեցավ այն լարվածությանը, որը կա Հայաստանում։

«Ազատություն»․ - Հիմա իշխանությունների արձագանքի մասին այս հայտարարությանը։ Կա՞ր անհրաժեշտություն մարդկանց փողոց հանել, նոր ասել այս ամենը։

Գրիգորյան․ - Միանշանակ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ընտրված ղեկավար է։ Իրան, եթե փոխում են, պետք է ընտրություններով փոխես։ Բայց մենք տեսնում ենք տենդենցը․ ռադիկալ ընդդիմությունը ասում է՝ ոչ, մենք ասում ենք, որ ինքը հրաժարական պետք է տա, ինքը պետք է գնա։ Ես էլ ասում եմ՝ դուք ո՞վ եք․․․ դուք չեք կարող կարծիք ունենալ ու ամբողջ ազգի վզին փաթաթեք այդ կարծիքը։ Ու Նիկոլ Փաշինյանը ճիշտ արեց, որ հավաքեց ժողովրդին Հանրապետության հրապարակում։ Մարդաշատ էր, շատ մարդիկ հավաքվեցին, կարելի է հստակ ասել՝ մի քանի անգամ ավելի շատ, քան Ազատության հրապարակում ռադիկալ ընդդիմադիրների միտինգում։ Ուրեմն ինքը ի՞նչ ցույց տվեց։ Ցույց տվեց, որ ինքը լեգիտիմություն ունի, որ վստահություն ունի։ Ուրեմն հանգուցալուծումը այսօրվա ճգնաժամի մենակ ընտրությունների միջոցով կարող է լինել։

«Ազատություն»․ - Իսկ բախումների ռիսկ, ավելի հեռուն գնացող հայտարարություններ են անում՝ քաղաքացիական պատերազմ և այլն, տեսնո՞ւմ եք։

Գրիգորյան․ - Ես այս միտինգից հետո չեմ տեսնում։ Ուղղակի անխելք մարդ պետք է լինի քաղաքական գործիչը, որը բախումների հիմա կգնա։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը էդ միտինգի ժամանակ շատ ճիշտ մեսիջ ուղարկեց, շատ կարևոր։ Ինքը ասե, որ ժողովուրդը՝ և՛ Ազատության հրապարակի, և՛ Հանրապետության հրապարակի, մեր ժողովուրդն է։ Բոլորի նկատմամբ ինքը լավ է տրամադրված, ու ասում է՝ եկեք լուծենք ընտրությունների միջոցով։ Էս մեսիջը, իմ կարծիքով, կանխեց անցանկալի զարգացումները։

Հարցարույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG