Մատչելիության հղումներ

Նախագահ. Նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման և խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով


Հայաստանի նախագահը կոչ է անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, քաղաքացիներին, դրսևորել զսպվածություն և ողջախոհություն: «Յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողություն մեծացնում է լարվածությունը և էլ ավելի խորացնում ճգնաժամը», - հայտարարության մեջ նշում է Արմեն Սարգսյանը:

Նա հորդորում է չտրվել սադրանքների և ձեռնպահ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից. «Մեր ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ պառակտում, պետք է մերժել պետությունը ապակայունացնելու և պետականությունը վտանգելու ցանկացած փորձ, անվերապահորեն գործել Սահմանադրության շրջանակներում:

Եվս մեկ անգամ հաստատելով նախագահական ինստիտուտի՝ որպես հավասարակշռող կառույցի դերը՝ հրատապ նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով»:

Արմեն Սարգսյանը վստահ է` երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհվածների հիշատակին:

Հիշեցնենք՝ երեկ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

XS
SM
MD
LG