Մատչելիության հղումներ

Վարչապետը ԶՈւ-ին հրամայում է զբաղվել իրենց գործով` ՀՀ-ի սահմանները պաշտպանելով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է Զինված ուժերի բոլոր ներկայացուցիչներին զբաղվել ՀՀ սահմանները պահպանելու իրենց առաքելությամբ: Նա ելույթով հանդես եկավ Հանրապետության հրապարակում:

«Որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ իմ հրամանը Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին` պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով` Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականությամբ պահպանմամբ, սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը:

Մեր բանակին, մեր Զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ, և այսօր ես հստակ գնահատել եմ, որ Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանում: Բանակը չի կարող ետ տանել, չի կարող թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ, բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը: Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, պետության, ընդդեմ օրինականության», - հայտարարեց վարչապետը:

Հիշեցնենք՝ երեկ նրա որոշմամբ պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

XS
SM
MD
LG