Գլխավոր դատախազությունը կոչ է անում մնալ Հայաստանի Սահմանադրության կարգավորումների շրջանակներում:
Ըստ դատախազության` ստեղծված իրավիճակում հարկավոր է խուսափել անպատասխանատու քայլերից, ձեռնպահ մնալ երկրում իրավակարգը վտանգող ցանկացած նախաձեռնությունից, զինված ուժերը ներքին՝ իրենց սահմանադրական գործառույթներից դուրս գործընթացների մեջ ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից, հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած գործողությունից, թույլ չտալ քրեական օրենքով արգելված արարքներ և առաջնորդվել ողջամտությամբ և սառնասրտությամբ:
«ՀՀ անվտանգության պաշտպանության առաքելությունը կրող զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ», - ասված է դատախազության հայտարարության մեջ:
Իրավապահ կառույցը նաև զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:
Հիշեցնենք՝ երեկ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։
Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը ևս հանդես են եկել հայտարարությամբ` կոչ անելով պահպանել հանդարտություն և զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց: