Մատչելիության հղումներ

Վարչապետն այսօր Գյումրիում կհանդիպի Խծաբերդում գերեվարվածների հարազատների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կհանդիպի Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատների հետ: Հանդիպումը դռնփակ է լինելու:

44-օրյա պատերազմի ավարտից հետո Խծաբերդում 62 շիրակցիներ գերեվարվեցին, հարազատները նրանցից շատերին ճանաչել էին ադրբեջանցիների տարածած տեսանյութերում։ Մինչ օրս Ադրբեջանը վերադարձրել է նրանցից 8-ին, թեև մեկ անգամ չէ, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատերազմից հետո գերեվարվածներին պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտներ և չի ցանկանում վերադարձնել։

Փետրվարի 8-ին, երբ Հայաստան վերադարձվեց գերիների վերջին խումբը, նրանց թվում երեք շիրակցիներ, հարազատները սպասում էին ավելի մեծ թվով գերիների վերադարձ: Հաջորդ օրը Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում, ի նշան բողոքի, մոտ վեց ժամով ճանապարհներ փակվեցին։ Նույն օրը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գերիների հարազատների բողոքի ակցիայի մասին խոսեց Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Նազեի Բաղդասարյանը:

«Այս պահին Շիրակի մարզում դժգոհության ալիք կա, միջպետական ճանապարհ է փակվել և ծնողները ցանկություն ունեն հանդիպելու Ձեզ հետ՝ վստահ լինելու համար, որ գործընթացը լինելու է շարունակական և մենք, իհարկե, բոլորս հետևողական ենք լինելու այս պրոցեսին», - ասաց Բաղդասարյանը։

Վարչապետն արձագանքեց․ - «Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաև կառավարությունում, բոլորս էլ դժգոհ ենք։ Այսօր այդ իրավիճակից որևէ մեկը գոհ չէ։ Ես կարող եմ ասել, որ պլանավորում ենք Շիրակի մարզ այց, որտեղ տարբեր հանդիպումներ կունենանք քաղաքացիների հետ, այդ թվում նաև հույս ունեմ արդեն ավելի շատ պակասած թվով գերիների հարազատների հետ»։

Այսօրվա հանդիպմանը ևս պատգամավորը մասնակցելու է: Հարցին, թե արդյո՞ք պարզ է՝ ինչ ասելիք ունի վարչապետը գերիների հարազատներին, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց․ - «Վարչապետն աշխատանքային այցով է Գյումրիում և նախատեսվում է նաև հանդիպում գերավարված անձանց հարազատների հետ, քանի որ դեռ նախորդ շաբաթ այդ հարցը բարձրացված կար և վարչապետը պատրաստակամություն էր հայտնել ևս մեկ հանդիպում ունենալ հարազատների հետ։ Հիմնական հարցը, որը հարազատներին հուզում է և այս օրերի ընթացքում քննարկվել է, դա գերիների վերադարձի հետ կապված ժամկետներն են և, բնականաբար, թե արդյոք հնարավոր է ավելի մեծ խմբաքանակով վերադարձ ունենանք։ Որոշակի պայմանավորվածություններ կան ձեռք բերված, որը վարչապետն այսօր հանդիպման ընթացքում կփոխանցի հարազատներին։ Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ Շիրակի մարզից Խծաբերդի գործով գերեվարվածների հարցով մենք իրապես դրական տեղաշարժ ունենք, որովհետև այս ընթացքում և՛ առողջության ու կյանքի հետ կապված երաշխիքներ ենք կարողացել ստանալ, և՛ Կարմիր խաչից եղել են կոնկրետ այցելություններ, որոշ անձանց հետ եղել են հեռախոսազանգեր։ Ես, որպես մարզից պատգամավոր, կարող եմ փաստել, որ որոշակիորեն հանգիստ ունեմ այս հարցով, որ իրենց կյանքին, կամ առողջությանը վտանգ չի սպառնում, քանի որ հաստատված գերիների ցանկ է, մնում է հստակեցնել ժամկետները, և բոլորիս համար կարևոր է, որ օր շուտ մեր հայրենակիցները հայրենադարձվեն, վերադառնան իրենց ընտանիքներ»:

Ադրբեջանը Խծաբերդում գերեվարված շիրակցիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել։ Նազելի Բաղդասարյանն ասում է, որ դա ժնեևյան կոնվենցիայի խախտում է:

«Անկախ կարգավիճակից, որ ադրբեջանական կողմն առաջ է քաշում, մենք ունենք Ժնևի երրորդ կոնվենցիան, որում նշվում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո բոլոր անձինք ենթակա են վերադարձի։ Սա նաև բխում է մեր ստորագրած հայտարարությունից՝ 8-րդ կետից, որ ենթակա են վերադարձման գերեվարվածները, պատանդ պահվող և այլ անձինք, ովքեր գտնվում են Ադրբեջանում։ Այսինքն՝ ցանկացած կարգավիճակում այս անձինք ենթակա են վերադարձման և այդ ուղղությամբ համակողմանի աշխատանք է տարվում և՛ Ազգային անվտանգության մարմինների, և՛ դատախազության, և՛ կառավարության անդամների միջոցով, և մենք 8-ի վերադարձ ունենք 62-ից և լիահույս ենք, որ 54-ը ևս առողջ և անվտանգ կվերադառնան հայրենիք», - ասաց իշխանական պատգամավորը։

Թե քանի հայ գերի կա հիմա Ադրբեջանում, հստակ թիվ չկա: Մինչ օրս Հայաստան է վերադարձվել 69-ը։

XS
SM
MD
LG