Մատչելիության հղումներ

Հայրենիք վերադարձած գերիների կյանքին վտանգ չի սպառնում. փաստաբան


Երեկ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձված 5 ռազմագերիների կյանքին վտանգ չի սպառնում, «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրադատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանույշ Սահակյանը։

Հինգ պահեստազորայիններից երկուսի համար Սահակյանն ու նրա գործընկեր Արտակ Զեյնալյանն են դիմել ՄԻԵԴ, 3-ի համար՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը։

Սիրանույշ Սահակյան
Սիրանույշ Սահակյան

«Այս պահին շատ մանրամասներ վերաբերմունքի առնչությամբ չենք կարող հայտնել, բայց որոշակի փուլում, վստահեցնում ենք, որ այդ տեղեկատվությունը դառնալու է հանրային սեփականություն», - ասաց Սահակյանը։

Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի ԱԱԾ-ի ջանքերով երեկ Հայաստան վերադարձված տղամարդիկ ռազմական գործողությունների ավարտը ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո էին գերեվարվել Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի տարածքից։ Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտնել էր, որ մեկ ադրբեջանցի գերի էլ վերադարձվել է Բաքու։

Հայ գերիներից մեկի հայրը «Ազատությանը» հայտնեց, որ արդեն տեսակցել է որդուն, նրա ինքնազգացողությունը լավ է։ Հարազատներն առայժմ խուսափում են լրատվամիջոցների հետ շփումներից՝ հաշվի առնելով հարցի զգայուն բնույթը։

Պատերազմի ավարտից հետո Խծաբերդից գերեվարվել էին Շիրակից 62 պահեստազորայիններ, ևս երկու արմավիրցի գերեվարվել էին Հին թաղեր կոչվող հատվածից։

Հայկական կողմի տվյալներով, դեռևս գերության մեջ են տարբեր հաշվարկներով մոտ 200 հոգի։ Հայտնի է, որ Ադրբեջանը պատերազմից հետո գերեվարված պահեստազորայիններին մեղադրում է ահաբեկչության մեջ։

Ինչո՞ւ պաշտոնական Բաքուն միայն 5-ին վերադարձրեց. իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն ասում է՝ բանակցությունների հարց է. - «Դա գործընթաց է։ Ըստ էության, հայկական կողմն էլ է մեկ անձի հանձնել։ Թվերի անհամաչափություն գոյություն ունի, և այս պահին կարողացել են համաձայնություն ձեռք բերել նշված թվաքանակի շուրջ։ Սա բանակցությունների պրոցեսի խնդիր է, և քանի որ առավելապես ուժը գտնվում է Ադրբեջանի ձեռքում, վճռորոշ է եղել հենց ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումը»։

Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե գերեվարված 62 պահեստազորայինները հեռախոսային կապ են հաստատել հարազատների հետ։ Սիրանույշ Սահակյանի պնդմամբ, դա իրականությանը չի համապատասխանում։ Ընդամենը մի քանի ընտանիք է հնարավորություն ստացել խոսել մեկ ու կես ամիս գերեվարության մեջ գտնվող տղաների հետ։

Նազելի Բաղդասարյան
Նազելի Բաղդասարյան

Շիրակցի գերիների հարցերով զբաղվող իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գյումրիից ընտրված Նազելի Բաղդասարյանն պարզաբանեց՝ Մուրադովի Բաքու կատարած այցի ժամանակ 62 ռազմագերիների հարազատներին հրավիրել են Շիրակի մարզպետարան՝ փորձելով կազմակերպել գերեվարված պահեստազորայինների հետ հեռախոսային զրույցը։ Բայց արդյունքում կապ է հաստատվել միայն երեքի հետ։ Եվ 62-ի հարազատները կարողացել են հարցերն տալ նրանց։

«Շատ զգույշ հարցեր են տրվել։ Բնական է, բոլորին հետաքրքրում էր իրենց առողջության վիճակը, ինչպիսի հոգեբանական վիճակում էին գտնվում։ Ասեմ, որ հարազատները և ծնողները պնդում են, որ ձայնից, լսելով բավականին լավ վիճակում են իրենք եղել։ Երբ հետո խոսում էի հարազատների հետ՝ ճշտելու համար, թե արդյոք հուզական վիճակ կար, բոլորը պնդում էին, որ չէ, նորմալ էին խոսում երեխաները։ Հիմնականում հարցերը լինում էր, թե ի՞նչ կա, ինչի՞ կարիք կա, և բոլորը այս պարագայում որևէ վտանգավոր բան չէին նշում։ Բայց մենք, իհարկե, հասկանում ենք, որ այնտեղ նրանք վերահսկողության և խիստ հսկողության տակ են, ավել բան չէին կարող ասել»։

Արդյո՞ք Խծաբերդում գերեվարված մյուս պահեստազորայինները կվերադարձվեն. հայաստանյան պաշտոնական աղբյուրներն այս մասին առայժմ լռում են։ Ադրբեջանի արտգործնախարարությունից, սակայն, ռուսական РБК-ին փոխանցել են, թե մյուսները փոխանակման ենթակա չեն, քանի որ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո՝ մտնելով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք։ Այդուհանդերձ, երեկ Հայաստան վերադարձվածները նույն՝ Խծաբերդի տարածքից էին գերեվարվել։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ գերեվարվածների մեջ նաև այլ երկրի քաղաքացիներ կան, որոնց մեղադրանք է առաջադրել երեք հոդվածներով՝ վարձկանության, ահաբեկչության և պատերազմական հանցագործության։ Այս դեպքում խոսքն, ամենայն հավանականությամբ, գերության մեջ հայտնված սփյուռքահայերի մասին է։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից «Ազատության» փոխանցեցին, որ Ադրբեջանը մանիպուլացնում է հայ գերիների հարցը և հրաժարվում է ընդունել գերեվարության փաստն անգամ անհերքելի ապացույցների՝ համացանցում ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութերի դեպքում։

Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը մտացածին և շինծու է որակում հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվի կողմից հարուցված քրեական գործերը։

«Հայաստանը կատարել է իր պարտականությունները «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման վերաբերյալ։ Այսօրվա դրությամբ, ադրբեջանցի բոլոր ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք փոխանցվել են ադրբեջանական կողմին», - փոխանցել են Հայաստանի ԱԳՆ-ից։

Եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմը Ադրբեջանին վերադարձրեց ոչ միայն ռազմագերիներին, այլ նաև տարիներ առաջ Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG