Մատչելիության հղումներ

Անհետ կորածների ծնողները հերթական բողոքի ցույցն անցկացրին Հանրապետության հրապարակում


Անհետ կորած զինծառայողների հարազատներն ի նշան բողոքի այսօր մոտ մեկ ժամ փակ պահեցին Հանրապետության հրապարակի հարակից փողոցը։

Առավոտյան կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա իրականացրած հարազատներին ցերեկը ընդունել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

Հանդիպումը սակայն, ծնողներին չէր գոհացրել։

«Խոսքը անցել ա գերիների վերադարձի հետ կապված, Արսեն Թորոսյանը ասել ա ոնց որ հինգ հատով ենք բերում ու ինչ-որ խոսքի մեջ ասել ա պետք է մի հատ էլ գոհ լինենք, որ էդ հինգ հատին բերում են․․․», - ասաց շուրջ երկու ամիս եղբորորդուն որոնող Արսեն Ղուկասյանը։

Հարազատներին հանդիպած Արսեն Թորոսյանը ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ նշեց, թե ցավում է, որ իր խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, խնդրելով հարազատներին զինվել համբերությամբ, նաև գրել է, թե պատկան մարմիններն անում են ամեն հնարավորը հարցը լուծելու համար։

Ամիսներ շարունակ իրենց որդիներից լուր չունեցող ծնողները, սակայն, կարծում են, որ իշխանություններն անգործության են մատնված։

«Ես չեմ տենում հստակ քայլեր, հստակ կազմակերպվածություն, հստակ ինչ-որ առաջընթաց չեմ տենում։ Իսկ ջուր ծեծելուց երևէ բոլորդ հոգնել եք», - ասաց նրանցից մեկը։

«Եթե էսօր կառավարությունը չի կարում իր ռազմագերիների հարցը լուծի, ինչի՞ս ա պետք էդ կառավարությունը», - վրդովված ասած Արսեն Ղուկասյանը։

Մինչև փողոց փակելը հարազատները առավոտյան հավաքվել էին կառավարության շենքի առջև։ Պահանջում էին գտնել անհետ կորած իրենց որդիներին, ասել՝ նրանցից ովքեր են գերեվարվել և ինչու չեն վերադարձվում։ «Վերադարձրեք հայրիկիս» գրությամբ պաստառներով այստեղ էին նաև անհետ կորած զինծառայողների փոքրիկ երեխաները։

«Արդեն հարյուր յոթ օր ա, ոչ մի կերպ չենք կարում մեր պատկան մարմիններից խնդրենք, աղաչենք, պաղատենք [վերադարձնել] մեր տղաներին։ Էսօրվա մեր պահանջն ա, որ գոնե էրեխեքին տան իրանց ծնողներին», - ասաց ցուցարարներից մեկը։

«Տպավորությունը էնպես ա, որ թքած ունեն մեր վրա։ Էսօր էլ․․․ դե թող դուրս գան։ Էսօր նիստ ա տեղի ունեցել, դե թող մեկը դուրս գա ասի՝ էրեխեք ջան, էկել եք ձեր պապաների հետևից, խոստանում ենք ու երդվում ենք, որ կանենք ամեն ինչ։ Թող դուրս գան․․․ կգա՞ն դուրս։ Չե՛ն գա», - հավելեց մյուսը։

Արցախից երեկ վերադարձած Արսեն Ղուկասյանը փնտրում է եղբորորդուն։ Նա պնդում է՝ եղել են ողջ մնացած տղաներ, որոնք օգնություն են խնդրել, սակայն, այդպես էլ որևէ մեկը չի մոտեցել նրանց. - «Նոյեմբերի 23-ին Կարախանյան Հարութը զանգում ա, ասում ա, որ էսինչ-էսինչ կվադրատում էսքան էրեխա կա․․․ Պատերազմից հետո եմ ասում, հասկացեք ինչ եմ ասում՝ պատերազմ չկա, էրեխեքը զանգ են տալիս, կապը ստեղծում են, ասում են ստեղ ենք, օգնություն են խնդրում։ Չկա օգնություն։ Էդ խմբի էրեխեքից հետո մեզ մոտ երեսուն թարմ խփված մարմին են տվել․․․ Դուք երևի չեք տեսել էդ մարմինները․ ժնջիլը վզին գծած են հետ տվել․․․ Եթե էս ղեկավարությունը, ՊՆ-ա, ՊԲ-ա, ով որ ա, գործողություն կատարեր, ինչ-որ քայլեր կատարեր, թեկուզ ռազվեդկա ուղարկեր, ինչ ուզում ա լիներ, էդ իրանք գիտեն, իրանց գործողությունների ընթացքն ա, թե ոնց կկազմակերպեին։ Բայց եթե կազմակերպեին, էսօր էդ էրեխեքը ողջ-առողջ տանը կլինեին»։

Երեկ էլ Շիրակի մարզում էին միջհամայնքային ճանապարհներ փակվել. այնտեղ էլ պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատներն են պահանջում վերադարձնել իրենց զավակներին։ 62 հոգուց հաջողվել է վերադարձնել միայն 7-ին։ Հարցին կառավարություն ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր վարչապետ Փաշինյանը ու հայտարարել , թե գերիների խնդրի մասին իշխանություններին հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև «իրենք ոչ մի վայրկյան խնդրի մասին չեն մոռանում»։

Մարտական գործողությունների վայրերից նոյեմբերի 13-ից մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1371 աճյուն։ Այսօր որոնողական աշխատանքներն ընթանում են Հադրութի շրջանում։
Ըստ Առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3545 մարմին։ Մինչ օրս պաշտպանության բանակը հրապարակել է 2232 զոհված զինծառայողի անուն։

XS
SM
MD
LG