Մի խումբ գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր ժամը 13-ից փակ են պահել Գյումրի-Երևան և Գյումրի-Արմավիր տանող ճանապարհների տարբեր հատվածները՝ այդ կերպ փորձելով իրենց բողոքի ձայնը տեղ հասցնել: Շիրակցիները ասում էին, որ չեն պատրաստվում բացել ճանապարհները՝ նշելով, որ գիշերը ևս չեն հեռանա տարածքից։
Հարազատները կտրականապես թույլ չէին տալիս տեսանկարահանել իրենց բողոքի ակցիան և հրաժարվում էին խոսել լրագրողների հետ՝ պնդելով, թե այդ կերպ միգուցե կվնասեն գերության մեջ գտնվող իրենց զավակներին: Ճանապարհներիի երկայնքով ցերեկը մի քանի կիլոմետրանոց խցանումներ էին գոյացել: Բողոքի ակցիա իրականացնող մարդկանցից շատերը երեկ սպասել են, որ Հայաստան վերադարձող գերիների մեջ կլինեն նաև իրենց երեխաները:
Պատերազմի ավարտից հետո Արցախում՝ Խծաբերդի հատվածում, 62 շիրակցի պահեստազորայիններ էին գերեվարվել: Նրանցից Հայաստան է վերադարձվել դեռ յոթը։
Ակցիայի մասնակիցները ճանապարհը բացեցին ավելի քան 6 ժամ անց` հայտնելով, որ գնում են Շիրակի մարզպետարան հանդիպելու տեղի պաշտոնյաների հետ:
Այս հարցը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաև կառավարությունում:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` մտադիր է առաջիկայում այցելել Շիրակի մարզ և հանդիպել Ադրբեջանում պահվող գերիների հարազատներին. «Բոլորս էլ դժգոհ ենք: Այսօր այդ իրավիճակից որևէ մեկը գոհ չի: Պլանավորում ենք մենք այց Շիրակի մարզ, որտեղ տարբեր հանդիպումներ կունենանք քաղաքացիների հետ, այդ թվում նաև գերիների, արդեն հույս ունեմ ավելի շատ պակասած թվով, գերիների հարազատների հետ: Ուզում եմ անել հավաստիացում` գերիների խնդրի մասին մեզ և ինձ հիշեցնելու անկեղծորեն անհրաժեշտություն չկա, որովհետև մենք ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում: Դրա հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար ակցիա անելու անհրաժեշտություն չկա»,- նշեց վարչապետը` հավելելով, որ այս հարցում պետք է առաջնորդվել չվնասելու սկզբունքով: