Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան, այսօր հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով՝ դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման և վերջ:
Թաթոյանը բացարձակ անընդունելի է համարել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում չկա կոնկրետ ժամկետ` կապված գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակմանը կամ վերադարձին:
«Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունների համար թույլատրելի է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը ու նույնիսկ փորձեր են արվում ներկայացնել իրական թվից նվազ թվաքանակ, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդտվում է զոհվածների մարմինների փոխանակումը ու այլն: Արդեն հայտարարել եմ, որ այս ամենը հոգեկան տառապանքներ է պատճառում գերիների ընտանիքներին, խաղում է հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն է առաջացնում մեր երկրում և դա արվում է նպատակային», - հայտարարել է Թաթոյանը՝ նշելով՝ եզրահանգումները հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանին հացեագրվող բողոքների ուսումնասիրությունների, ինչպես նաև շուրջօրյա մշտադիտարկման արդյունքների վրա:
«Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները, թե գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ են ու ձերբակալված են, կոպտորեն ոտնահարում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Այդ հայտարարություններն ուղիղ հակասում են նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին: Նրանք կարգավիճակով գերի են և վերջ», - հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ շարունակելով՝ նույնությամբ բոլոր պահանջները պետք է տարածվեն նաև զոհվածների մարմինների փոխանակման և անհայտ կորածների որոնողական ու փրկարարական աշխատանքների նկատմամբ:
Օմբուդսմենը բացարձակ դատապարտելի է համարել «բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող այս հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելը, կամ դա քաղաքական նպատակներով օգտագործելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի գերիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն օրերս հայտարարեց, թե Ադրբեջանում պահվում է 5 հայ գերի՝ 2-ը՝ զինվորական, 3-ը՝ քաղաքացիական անձինք։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական աղբյուրները Ադրբեջանում գտնվող հայ գերիների և ռազմագերիների մասին թվեր չեն հրապարակում։
Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի համոզմամբ Հայաստանն ունի անհերքելի ապացույցներ, որ այժմ Ադրբեջանում նվազագույնը 120 հայ գերիներ են պահվում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ընդամենը 5 գերեվարվածների մասին խոսելով պարզապես չարաշահում է հայկական իշխանությունների անօգնական վիճակը։
Ընդհանուր առմամբ պատերազմից հետո Հայաստան վերադարձված գերիների թիվը 54 է, թեև հայկական կողմում կան տվյալներ, որ գերեվարվածների թիվը մոտ չորս անգամ ավելի է։ 14 անձ էլ վերադարձվել է Բաքու, այդ թվում՝ 2014-ին դիվերսիայի և մարդասպանության համար Արցախում դատապարտված Դիլհամ Ասկերովն և Շահբազ Գուլիևը։
Այսօր խնդրին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման առաջնահերթությունը հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումն է․ ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում։