Մատչելիության հղումներ

ԱԻՆ մասնագետի համոզմամբ, դպրոցների փակ մուտքերը, պատուհանների ճաղավանդակները երկրաշարժի ժամանակ խնդիրներ կստեղծեն


ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանին մտահոգում է թե՛ մուտքերը փակ պահելու՝ դպրոցներում ձևավորված կարգը, թե՛ առաջին հարկերի պատուհանների ճաղավանդակները։

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ Պետրոսյանը նշեց՝ երկրաշարժի ժամանակ սրանք խնդիրներ կստեղծեն։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Հրաչյա Պետրոսյան․ - Մեր դպրոցների շքամուտքերի հիմնական դռները միշտ փակ են, բաց է կողքից մի փոքր դուռ, մի հատ էլ պահակ են նստացնում, որ երեխաները հանկարծ դասերից չփախչեն։ Երկրաշարժի դեպքում էդ փոքրիկ, նեղ դռնով եռահարկ դպրոցի ուսուցիչները և երեխաները պարզապես չեն կարողանա դուրս գալ և այնտեղ խցանում է լինելու։ Երբ որ մենք իրենց ասում ենք սկսած 1991 թվականից՝ ծառայության հիմնադրման թվականից, որ «ի՞նչ եք անում, բա որ երկրաշարժ լինի, դուք ո՞նց եք դուրս գալու»։ Ասում են՝ «մենք դռները փակում ենք, որ երեխաները դասերից չփախչեն, չգնան ընկնեն մեքենաների տակ»։

Բացի դրանից, առաջին հարկերը դպրոցների, բոլորը ճաղապատված են, որպես կանոն։ Ես ասում եմ՝ «լավ, ամենահեշտ լքելու ձևը, որ առաջին հարկի դասասենյակներից երեխաները պարզապես կարող են դուրս ցատկել ու ոչ մեկի ոչ մի բան չի լինի, իսկ դուք ճաղապատում եք։ Կարո՞ղ ենք իմանալ էդ ի՞նչ եք պահում դպրոցներում, կարո՞ղ ա բանկ ա, էդ ի՞նչ եք պահում, որ էդպես պինդ-պինդ փակում եք, բա որ վաղը, մյուս օրը երկրաշարժ լինի, էդ երեխաները ո՞նց են լքելու»։

«Ազատություն»․ - Պատասխա՞նը։

Հրաչյա Պետրոսյան․ - Պատասխանը՝ «այո՛, Դուք ճիշտ եք, բայց․․․» ու էդ բայցից հետո․․․ և գրավոր ենք դիմել և զեկուցումների ընթացքում ենք ասել։ Անցեք մի հատ Երևան քաղաքով ու տեսեք դպրոցները, մեծ մասը առաջին հարկի լուամուտները ճաղապատված են։

«Ազատություն»․ - Դուք սա նաև քաղաքային իշխանությանը չեք ներկայացրե՞լ։

Հրաչյա Պետրոսյան․ - Իհարկե ներկայացրել ենք։

«Ազատություն»․ - Եվ ի՞նչ պատասխան։

Հրաչյա Պետրոսյան․ - Ասում են՝ «առաջին դասարանցիները կարող են լուսամուտից թռնեն, դասերից փախչեն»։ Մի տխուր օրինակ բերեմ՝ Գյումրիում, երբ եղավ առաջին ցնցումը, իսկ այնտեղ եղել է երեք ցնցում, առաջին ցնցումից հետո երեխաները փորձել են դուրս փախչել՝ բնազդաբար, դասասենյակից։ Ուսուցչուհին ասել է՝ «հանգիստ նստեք ձեր տեղը, ցնցումը եղավ, վերջացավ, առիթ եք փնտրում դասերից փախչելու, հանգիստ մնացեք ձեր տեղը» ու փակել են դռները։ Չորս րոպե անց առաջին ցնցումից եղել է երկրորդ ցնցումը, դպրոցը փլուզվել է և՛ երեխաները, և՛ ուսուցիչը, և՛ ովքեր նման տրամաբանությամբ պահել են երեխաներին, որ իբր դասերից չփախչեն, բոլորը զոհվել են։

«Ազատություն»․ -Տեղեկությունը որտեղի՞ց։

Հրաչյա Պետրոսյան․ - Ես եմ տեսել։ Մենք որ գնացինք փրկարարական աշխատանքներին մասնակցելու Գյումրիում, ամբողջ դասարանով 4,5, 6 երեխեքով դասղեկի գլխավորությամբ պանելների տակ էին մնացել։ Դա հայտնի փաստ է։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG