Մատչելիության հղումներ

Երկրաշարժեր Հայաստանում․ առաջիկա օրերին ցնցումները կարող են կրկնվել՝ ավելի թույլ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք երեկ ժամը 19։36-ին տեղի ունեցած 4.7 մագնիտուդով երկրաշարժին կեսգիշերն անց, ինչպես նաև այսօր առավոտյան ու կեսօրին հաջորդել են ևս մի քանիսը, բայց արդեն ավելի թույլ ուժգնությամբ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ: Գեղարքունիքի մարզի Շորժա, Աղբերք, Շողակաթ և Ճամբարակ համայնքներում արձանագրվել են հին կամ հողաշեն գոմերի ու ավտոտնակների փլուզումներ։ Արտանիշում ու Աղբերքում էլ դպրոցներ են վնասվել, աշակերտները երկուշաբթի այնտեղ դասի չեն գնա։ Գեղարքունիքի մարզպետի փոխանցմամբ՝ նաև հոսանքազրկումներ են եղել՝ մեկ ժամ։ Շորժայում էլ երկհարկանի մեկ առանձնատուն բնակվելու համար վտանգավոր է դարձել։

«Գլխավոր խնդիրը, որ երկրաշարժից հետո առաջացավ, դա Ճամբարակ և Շողակաթ խոշորացված համայնքներում էլեկտրամատակարարման բացակայությունն էր՝ մոտ 1 ժամ 20 րոպե տևեց։ Առաջին խնդիրը, որ ֆիքսել ենք, Արտանիշի դպրոցում է, որտեղ կա մի մասնաշենք, որի վնասվածքները մեզ բերում են այն եզրահանգման, որ պետք չէ այնտեղ դասապրոցես կազմակերպել։ Կան նաև առանձնատներ, որ լուրջ վնասներ են կրել, և մեր բնակիչներին հորդորում ենք էնտեղ առժամանակ չբնակվել, մինչև մասնագիտական խմբերը ավելի խորը աշխատանք կտանեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։

Սանոսյանն ասում է՝ նախնական վնասները կգնահատի վնասների գնահատման հանձնաժողովը, դրանք կուղարկվեն մարզպետարան, հետո՝ կառավարություն, որտեղ էլ կլուծվի փոխհատուցման հարցը։

ԱԻՆ-ի տվյալներով՝ երկրաշարժը Գեղարքունիքի մարզում զգացվել է 5-6, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6, իսկ Երևանում՝ 3-4 բալլ ուժգնությամբ:

ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի մասնագետ Արա Սահակյանը տեղեկացնում է՝ ցնցումները կարող են կրկնվել։ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով։ Ելնելով առկա տվյալներից՝ ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ, անհրաժեշտության դեպքում իրավիճակի վերաբերյալ պարբերաբար կհաղորդի տեղեկատվություն», - ասաց Սահակյանը։

Ինչպես Գեղարքունիքի ու մյուս մարզերի, այնպես էլ Երևանի ոչ սեյսմակայուն շենք-շինությունները վտանգված են։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանն «Ազատությանը» փոխանցեց՝ անզեն աչքով էլ տեսանելի են այդ վտանգավոր շենքերն իրենց կցակառույցներով, լրացուցիչ կառուցված պատշգամբներով, որոնք ողջ շենքն են ռիսկի տակ դնում։ Ըստ նրա՝ Երևանը սեյսմիկ երկրորդ գոտում է, ամենավտանգավորը երրորդն է։

«Ամեն մարդ իր բնակարանում վերակառուցողական աշխատանք է իրականացնում՝ մեկը նոր բացվածք է անում, մեկը պատի մի երեսաշարը քանդում՝ կահույքն է տեղադրում՝ «ստենկա» ասածը, մեկը վրայից շենքի վերնահարկ, ընդ որում՝ կարող է երկու հարկ կառուցի, և այլն։ Դրանք չափազանց շատ բարձրացնում են շենքերի խոցելիությունը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Նամալյանը։

Նրա խոսքով՝ մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևանում խորհրդային տարիներին կառուցված 9-հարկանի կարկասային շենքերը կազմում են ամբողջ բնակֆոնդի մոտ 15 տոկոսը, ու 9 բալլ և ավելի ուժգնությամբ երկրաշարժի դեպքում դրանք ամբողջովին կփլուզվեն։ Իսկ եթե ընդհանրապես Երևանում 9 բալլ և դրանից ավելի ինտենսիվությամբ երկրաշարժ գրանցվի, զոհերի թիվը, ըստ Նամալյանի, 300 հազարի կհասնի․ - «Երեկ եղավ 3-4 բալլ ինտենսիվությամբ՝ Ճամբարակի երկրաշարժից մեզ մոտ զգացվեց էդքան, Երևանում։ Հետևաբար, Երևանում ոչ մի տեղ չէր կարող փլուզում առաջանալ՝ անգամ 5 բալլի դեպքում, անգամ 6 բալլի դեպքում, բայց 7 բալլի դեպքում կարող են թափվել առանձին էդ խարխուլ կոնստրուկտիվ տարրերը, 8 բալլի դեպքում կլինեն բավականին շատ փլուզումներ, որովհետև մենք ունենք էդպիսի շենքեր՝ խոսքը նոր կառուցվողների մասին չի, 9 բալլի դեպքում կլինի համատարած փլուզումներ, ու շատ դաժան պատկեր կունենանք մենք։ Եթե ունենանք Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ երկրաշարժ Երևանում, ապա կունենանք մոտավորապես 300 հազար զոհ»։

Նորակառույցներն, ըստ ԱԻՆ մասնագետի, եթե համապատասխանում են սեյսմակայունության ու համապատասխան բոլոր նորմերին, ապա ավելի ապահով են․ - «Նոր կառուցվող շենքերը անհամեմատ մեծ ուժերի պետք է դիմանան՝ մոտ 3-4 անգամ»։

XS
SM
MD
LG