Մատչելիության հղումներ

6-7-բալլանոց երկրաշարժ Երևանից 8 կմ հարավ-արևելք․ ստացվել են ահազանգեր ավերածությունների վերաբերյալ


Այսօր տեղական ժամանակով ժամը 15։29-ին երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանում, էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք, ստացվել են ահազանգեր ավերածությունների վերաբերյալ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4․7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.11 աստիճան և արևելյան երկայնության 44.54 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ:

Երկրաշարժը զգացվեց Երևան քաղաքում` 5-6 բալլ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալլ ուժգնությամբ:

Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ, փոխանցում է ԱԻՆ-ը։

Քիչ ավելի ուշ էլ ԱԻՆ-ը հաղորդեց․ - «Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ «Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում՝ (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ)», - փոխանցում է ԱԻՆ-ը։

Առողջապահության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է․ - «Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» ԲԿ: Մասնագետների հավաստմամբ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում: Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել: Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»:

Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ 6-7-բալլանոց երկրաշարժ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտ, որին հաջորդել էին մի քանի տասնյակ ավելի թույլ ցնցումներ։ ԱԻՆ-ը առաջիկա օրերին Հայաստանում և հարակից տարածքներում թույլ և միջին ուժի երկրաշարժեր էր կանխատեսել։

XS
SM
MD
LG