Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Փաշինյանի կազմակերպած ընտրություններին մասնակցելը համարում է խայտառակություն։ «Դա կլինի խայտառակություն, դա կնշանակի լեգիտիմացնել ամբողջ այդ դավաճանությունը, որ մինչև հիմա եղել է», - ասում է նա:
Շարժման վարչապետի թեկնածուի բնութագրած դավաճանությունը լեգիտիմացնող գործընթացին, այսինքն` ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են նրա թիմակիցները: Շաբաթ օրը «Հրապարակ» օրաթերթի հետ հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց` եթե լինեն արտահերթ ընտրություններ, կմասնակցի, ընդ որում շեշտեց` առանց որեւէ մեկի հետ դաշնակցելու. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ երբ որ տեղի ունենան, «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, և բոլորն էլ թող իմանան, մենակ` առանց դաշինքի, առանց որևիցե մի կուսակցության»:
Մոտ երկու շաբաթ առաջ էլ շարժմանն աջակցող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտահերթին մասնակցելու իր մտադրության մասին: Արտահերթին մասնակցելու մասին էր նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Դաշնակցությունը» դեռ չի հայտնում իր որոշման մասին:
Այս հայտարարություններից հետո Վազգեն Մանուկյանը նախաձեռնեց Ազատության հրապարակում ամենօրյա ռեժիմով քաղաքացիների հետ հանդիպում: Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ համախմբված ուժերն ինչո՞ւ են սկսել խոսել սեփական օրակարգերի մասին, միասնական օրակարգը` հրաժարականի իրագործումը տապալված ե՞ն համարում, հարցրինք Վազգեն Մանուկյանին։
«Շարժումն ինքը հսկայական մեծ մեքենա է, մինչև այդ մեքենան խոդի գցես, արդեն ժամանակն անցնում է, դրա համար ես իրենց տեղյակ պահելով նախաձեռնությունը վերցրեցի», - նշում է Մանուկյանը:
Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած ուժերի գործողություններից այս պահին ընդամենը մեկ բան կարելի է արձանագրել, որ նույնիսկ միմյանց հետ մեկ հարցի շուրջ համաձայնության չեն կարողանում գալ, ասում է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը. «Նույնիսկ իրենք իրար մեջ չեն կարողանում գալ որևէ եզրակացության, այսինքն` այդ ուժերից մի մասն ասում է մեկ բան, մյուս մասն ասում է մյուս բանը, իրենց միասնական թեկնածուն ասում է մի բան, որ կամ չի ընդունում, կամ տեղ-տեղ էլ քննադատվում է այդ ուժերի կողմից, և սա է ընդամենը կարելի արձանագրել այս իրողություններից»:
Շարժմանը մաս կազմող ուժերին միավորում է Փաշինյանին հեռացնելու օրակարգը, մյուս հարցերում ազատ են, ասում է շարժման համակարգող, «Դաշնակցության» Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը. «Մենք մի օրակարգի շուրջ` այս չարիքի կառավարության հեռացումը, ունենք 100 տոկոս կոնսենսուս, շարժման մաս կամղ ուժերը հավաքվել են այդ օրակարգի շուրջ, դրանից զատ միմյանց նկատմամբ պարտավորություններ և պայմանավորվածություններ չունեն: Եթե մեր երկրում լինեն ընտրություններ, յուրաքանչյուր ուժ ինքն ազատ է ինքնուրույն որոշում ընդունելու, մասնակցելու, չմասնակցելու, կամ ինչ ֆորմատով ինքը կցանկանա մասնակցել այդ ընտրություններին: Հետևաբար մենք գլխավոր հարցի շուրջ ունենք ամբողջական համաձայնություն, և այդ ձեր ասած` պլան Ա-ն ոչ միայն չի ձախողվել, այլև այն իրականություն է դառնալու, որովհետև շաևժումը նոր թափով շարունակվելու է»:
Արտահերթ ընտրությունների էջն իշխանությունը փակել է Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի հետ փոխհամաձայնության չգալու պատճառաբանությամբ: Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ այս թեմային կանդրադառնան, եթե ընդդիմադիր ուժերի հետ փոխհամաձայնություն լինի: