Մատչելիության հղումներ

Կարևոր է հասկանալ, թե ինչ ինտեգրացիայի մասին է խոսում Քոչարյանը․ քաղաքական մեկնաբան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Ով ավելի լավ կծառայի, ով ավելի խորը ենթակայություն կառաջարկի Ռուսաստանին․ այժմ հենց այսպիսի քաղաքական պայքարի ենք ականատես լինում հայաստանյան քաղաքական դաշտում։ Նման կարծիք ունի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Օրերս 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Sputnik Արմենիային» տված հարցազրույցում մեծ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից բացի, խոսել էր Ռուսաստանի հետ հարաբերությունը խորացնելու մասին։ Ներկայիս հարաբերություններում, ըստ Քոչարյանի, Հայաստանը վերածվել է Ռուսասատանի պրոտեկտորատի։

Բադալյանն ասում է՝ շատ կարևոր է հասկանալ, թե հատկապես ինչ ինտեգրացիայի մասին է խոսում Քոչարյանը․ - «Դա է՛լ ավելի առարկայական կդարձներ խոսակցությունը։ Այլապես, երբ խոսվում է խորը ընտեգրացիայի մասին, բայց շոշափելի ուրվագծեր անգամ չեն ներկայացվում հանրությանը, էստեղ տպավորություն է առաջանում, որ ընդամենը ներկայացվում է էն ծառայության հայտը Ռուսաստանին, ինչի մասին խոսում էի։ Այսինքն՝ ով ավելի լավ կծառայի, ով Հայաստանի ավելի խորը ենթակայություն կառաջադրի Ռուսաստանին՝ դրա դիմաց ակնկալելով Ռուսաստանից աջակցություն Հայաստանում քաղաքական հարցերը լուծելու տեսանկյունից։ Էս ամեն ինչը իր էությամբ բոլորովին նոր չէ Հայաստանի համար։ Պարզապես հիմա մի վիճակ է, երբ հերթական ակտիվ ալիքը, խթանն է առաջանում ՝ նկատի ունենալով գուցե այն, որ Արցախի դեմ պատերազմից հետո Ռուսաստանը իր գերազդեցությունը արագ տարածելու ավելի մեծ ցանկություն կունենա, և այդ մեծ ցանկությամբ է՛լ ավելի արագ և է՛լ ավելի մասշտաբային կաջակցի իրենց էդ ծառայություններին»։

Հակոբ Բադալյանն այս փուլում կարևոր է համարում Ռուսաստանի արձագանքները այս հայտարարություններին. ասում է՝ այդպիսով նաև պարզ կդառնա՝ սա ռուսակա՞ն կողմի նախաձեռնություն է, թե՞ հայաստանյան քաղաքական դաշտի, որ Ռուսաստանից է աջակցության հայտ սպասում։

Քոչարյանի հայտարարությանը զուգահեռ մի խումբ հասարարական -քաղաքական շրջանակների կողմից հայտարարվեց նոր շարժման մասին՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության»։

«Հետպատերազմյան շրջանում Հայաստանում ակնհայտ է, որ տեղի է ունենալու քաղաքական վերադասավորում։ Այսինքն՝ աներկբա է, որ հասարակական տրամադրությունները որոշակի վերափոխում են ունենում, իշխանությունը հայտնվել է թույլ վիճակում և հնարավորություն կա նրա հանդեպ քաղաքական խնդիրներ լուծել։ Եվ այս տեսանկյունից բնական է, որ տարբեր ուժեր, հատկապես նախկին համակարգը ներկայացնող, առաջինը աջակցություն ակնկալում են Ռուսաստանից, հատկապես՝ որ ակնհայտ է Հայաստանում հանրային էական աջակցության բացակայությունը իրենց համար», - նշեց Բադալյանը։

Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է, որ քաղաքական շրջանակններից նման հայտարարությունները նոր չեն։ Ավելի քան մեկ տասնամյակ առաջ Հայաստանում ստորագրահավաք էր Ռուսաստանի և Բելառուսի հետ միություն կազմելու համար, դեռ թարմ է գրող, հրապարակախոս Զորի Բալայանի նամակը այդ նույն շեշտադրումներով։

Բարսեղյանի խոսքով, Հայաստանում այս գաղափարի կողմնակիցները ինչ-որ առումով իրենց նպատակին հասել են․ - «Կարծես թե ինչ-որ մի խումբ հասավ իր մուրազին Արցախի մասով։ Եվ էդ մուրազը մեզ հիմա ներկայանում է որպես ռուսական զորքի ներկայություն Արցախի տարածքում։ Մեկնաբանությունները, իհարկե, տրամագծորեն հակառակ են․ մարդ կա, ասում է՝ վայ, էկան փրկեցին, տեսա՞ք, միշտ էլ այդպես է լինում գաղութների ետ գրավման գործընթացը։ Որ ասեմ ուրիշ բան էի սպասում այդ մարդկանց խմբից, կամ այդ մարդուց, կամ էդ մի քանիսից, որ պիտի կարողանան մի իմաստուն բան՝ բոլորովին։ Եվ գրեթե ոչ ոք չէր սպասում, թե էդ ինչ մի իմաստուն, խելացի միտք են առաջարկելու։ Ամենահեշտը նման բաներ զառանցելն է․․․ ամոթ է ուղղակի։ Քաղաքականության հետ, քաղաքագիտության հետ, ինքնիշխանության հետ, արժանապատվության հետ կապ չունեցող մտքեր են։ Եթե այդպես եք համարում, Հայաստանի քաղաքացու անձնագիր ծոցում պահելդ ո՞րն է, դրա իմաստը ո՞րն է, հայերեն խոսելդ ո՞րն է, հայերեն գրելդ ո՞րն է»։

XS
SM
MD
LG