Մատչելիության հղումներ

Ըստ Սաղաթելյանի, «վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրություններով վերարտադրվելու շանս չունի»


«Վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի», ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, «Դաշնակցության» Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության երեկվա հայտարարությանը։

Սաղաթելյանն ընդգծել է՝ նույն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, «քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը»։

Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամի համոզմամբ՝ իշխանությունները փորձում են «զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը»։

«Մտածում են՝ Շարժումը մարել է, և մի քիչ էլ հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա։ Ուստի որոշել են զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը՝ փորձելով այն տարբեր մեթոդներով ամրապնդել: Բայց հենց այստեղ էլ չարաչար սխալվում են, քանի որ պոպուլիստ-դավաճանները կարող են սեփական ժողովրդին խաբել մեկ անգամ, երկրորդը՝ չի ստացվելու։ Այժմ այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրությունների միջոցով ազատվել այս չարիքի իշխանությունից, արդեն դուրս կգան փողոց: Հենց այդ ժամանակ էլ «հպարտ դուխովները» իրենց մաշկի վրա կզգան հասարակական պահանջը», - գրել է Սաղաթելյանը՝ նշելով՝ առաջիկա հանրահավաքը՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում:

Հիշեցնենք, որ դեռևս տարեվերջին վարչապետ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել էր խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարում էր, որ իրենց օրակարգով նախ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Ազգային ժողովը Վազգեն Մանուկյանին ընտրի ժամանակավոր վարչապետ, և արտահերթ ընտրություններն անցկացվեն մեկ տարի անց։

Սաղաթելյանը որպես հետգրություն այսօր նշել է․ - «Իմիջիայլոց, ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը (հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում)»:

XS
SM
MD
LG