Մատչելիության հղումներ

Պետք է փչացնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և բարձրաստիճան ոստիկաններին, հայտարարում է Վազգեն Մանուկյանը  


Պետք է փչացնել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը և բարձրաստիճան ոստիկաններին, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հենարանն են, այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչպես է պատրաստվում փչացնել խմբակցությունն ու բարձրաստիճան իրավապահներին. «Նիկոլ Փաշինյանն ինքը կամավոր չի հրաժարվի մի քանի պատճառով, նախ և առաջ ինքը շատ վախենում է` ինչ պատասխան է տալու հետո` իշխանությունը կորցնելուց հետո, երկրորդը` գիտեք, չտես մարդիկ մեկ էլ եկել են իշխանության ու վայելում են: Իրենք հեշտ իշխանությունը չեն տա, բայց այդ դեպքում պետք է կոտրել, փչացնել իր հենարանները: Իսկ ովքե՞ր են իր հենարանները: Իր հենարանն Ազգային ժողովի «Իմ քայլն է», այսինքն` պետք է աշխատել «Իմ քայլի» հետ, մի մասը, ասենք թե, ոստիկանության բարձրաստիճան սպաներ կան, որոնք նույնպես դուք տեսաք` ինչ դաժան ձևի վարվում էին ժողովրդի հետ: Նրանք են հենարանները, 2-3 հենարան է, հենարանները եթե փլվեն, ինքն էլ կփլվի»:

Հարցին` փչացնել ասելով ի՞նչ նկատի ունի, Մանուկյանն արձագանքեց. «Փչացնել բառը ես չասացի, մի վերագրեք ինձ բառեր, որը չեմ ասել»:

44-օրյա պատերազմի ավարտից` նոյեմբերի 9-ի հայտնի զինադադարից հետո հայաստանյան 17 քաղաքական ուժեր, ներառյալ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հանրապետականը, ՀՅԴ-ն, Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը (որոնցից միայն Գագիկ Ծառուկյանի առաջնորդած կուսակցությունն է, որ հաղթահարեց 2018թ. խորհրդարանական ընտրությունների շեմը), սկսեցին պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով դավաճանության մեջ։ Այդ ուժերն անցած տարվա դեկտեմբերի 3-ին հայտարարեցին, թե վարչապետի իրենց միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:

Մանուկյանի գլխավորությամբ ընդդիմադիր շարժումը անցած շաբաթներին մի քանի հանրահավաքներ, երթեր անցկացրեց Երևանում ու մարզերում։ Բողոքի վերջին ակցիան, սակայն, մոտ տասը օր առաջ էր` Ազգային ժողովի շենքի մոտ։

«Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոսացրել են»,- օրեր տևած լռությունից հետո երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ Վազգեն Մանուկյանը՝ կոչ անելով այսօր հավաքվել Ազատության հրապարակում՝ որոշել անելիքը:

«Դադարը շատ բնական պատճառներով էր, եկավ Նոր տարին, շատ ցուրտ էր, և մարդկանց երկար պահել փողոցներում հնարավոր չէր: Բնական ձևով դադար եղավ, որը մի քիչ երկար տևեց` իմ կարծիքով, քան պետք էր, բայց այդ դադարը տևեց: Այդ դադարն ի՞նչ օգուտներ բերեց և ի՞նչ վնասներ: Օգուտն այն էր, որ ես, հետևելով` ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում եմ, որ բազմաթիվ մարդիկ, որ մինչև այդ չէին պատկերացնում այն վիճակը, ինչ վիճակում մենք հայտնվել ենք, ավելի շատացան»:

Ըստ Մանուկյանի` անցած օրերին շարժումը ներսում քննարկեց նախորդ արածները, դասեր քաղեց և փետրվարի 20-ի հանրահավաքով շատ ավելի մեծ թափով կշարունակի իր գործունեությունը։

Ի դեպ, երբ այսօր հարցրեցինք՝ իշխանության գալու պարագայում պատրաստվո՞ւմ է հրաժարվել իր կողմից սուր քննադատության արժանացած նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունից, արձագանքեց՝ «միանգամից՝ ոչ»։ «Առաջին կապիտուլյացիոն պայմանագիրը, որ եղավ եռակողմ հայտարարությունը, եթե Նիկոլ Փաշինյանին փոխեին պատերազմի ընթացքում, ինչպես ես էի առաջարկում, և դուք բոլորդ հարձակվել էինք ինձ վրա, երբ որ ես պատերազմի ավարտից 2 շաբաթ առաջ ասացի, որ պետք է զինվորականներին հանձնի իշխանությունը և գնա: Այն ժամանակ կապիտուլյացիոն պայմանագիր չէր լինի, այլ ուրիշ ձևի պայմանագիր կլիներ, որը մեզ համար ավելի օգտակար կլիներ: Եթե մեզ հաջողվեր Նիկոլ Փաշինյանին անմիջապես այդ կապիտուլյացիոն պայմանագրից հետո դեն շպրտել, ապա չէր լինի այս 6 կետանոց համաձայնագիրը, որը, չեմ իմանում, երբ է ստորագրված, բայց արդեն իր ուժը կորցրած կլիներ, այսինքն` ինչքան ուշ անես, այնքան ավելի փրկիչ դեր կկատարես»:

«Ազատություն» - Պարոն Մանուկյան, Դուք քննադատում եք այդ փաստաթղթերը, նշում եք, որ դրանցով հող է հանձնվել, Դուք մտադի՞ր եք իշխանության գալու դեպքում չեղարկել այդ փաստաթղթերը:

Վազգեն Մանուկյան - Ես ձեզ բացատրեցի, ինձ թվում է, ուզո՞ւմ եք մի հատ նորից բացատրեմ:

«Ազատություն» - Դուք մտադ՞իր եք չեղարկել այդ փաստաթղթերը, այո՞, թե՞ ոչ:

Վազգեն Մանուկյան - Միայն այն դեպքում, երբ որ մենք կունենանք համապատասխան ուժ և համաձայնություններ տարբեր դաշնակիցների հետ:

«Ազատություն» - Մտադիր չե՞ք չեղարկել:

Վազգեն Մանուկյան - Միանգամից ոչ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG