Մատչելիության հղումներ

Մեր օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, ասում է ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը


Մեր օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, «Ազատության» հետ հարցազրույցում ասում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը: Վերջինս անդրադառնում է իշխանությունների որոշմանը արտահերթ ընտրությունների չգնալու կամ դրանք հետաձգելու վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն» - Ինչպե՞ս եք գնահատում իշխանության որոշումը` չգնալ արտահերթ ընտրությունների կամ այսպես ասենք` առնվազն մինչև հունիս այդ թեման փակել:

Արթուր Խաչատրյան- Իշխանության որոշում չէր եղել գնալ արտահերթ ընտրությունների, եղել էր Նիկոլ Փաշինյանի կողմից նետված խայծ, որ մենք քննարկում ենք ընտրությունների հնարավորությունը, որպեսզի հասարակության դիսկուրսի օրակարգը փոխի, որովհետև հասարակությունը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քննարկման արդյունքում և այլ ուսումնասիրությունների արդյունքում տեսավ, որ ինքը որևէ հնարավորություն չունի այդ ընտրություններին հաղթելու:

«Ազատություն» - Ինչո՞ւ պարոն Խաչատրյան:

Արթուր Խաչատրյան - Որովհետև ինքը նույնիսկ իր հեղինակության գագաթնակետում ուներ ժողովրդի ընդամենը 37.5 տոկոսի աջակցությունը:

«Ազատություն» - Շատ լավ, դե ուրեմն գնայիք, ընտրություններին դուք հաղթեիք, ինչո՞ւ չուզեցիք:

Արթուր Խաչատրյան - Նայեք, հիմա ընտրությունների հարցը. ընտրությունների հարցն առաջինը դրել է «Հայրենիքի փրկության շարժումը», և «Հայրենիքի փրկության շարժումն» ասել է` պետք է լինեն արտահերթ ընտրություններ, բայց Փաշինյանը չպետք է կազմակերպի այդ արտահերթ ընտրությունները:

«Ազատություն» - Դա նախապայման է, պարոն Խաչատրյան, իսկ ո՞վ ասաց, որ դուք պիտի կազմակերպեք այդ ընտրությունները:

Արթուր Խաչատրյան - Իսկ ո՞վ ասաց, որ Փաշինյանը պետք է կազմակերպի:

«Ազատություն» - Փաշինյանը գործող իշխանությունն է` լեգիտիմ ընտրված…

Արթուր Խաչատրյան - Հայաստանի Հանրապետությունում միշտ ընտրություններում հաղթել գործադիր իշխանությունը, և հիմա եթե Փաշինյանն ուզում է ազնիվ ընտրություններ, թող ինքը ետ քաշվեր, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անցկացներ ընտրությունները: Փաշինյանը բազմաթիվ անգամ քննադատել է Տիգրան Մուկուչյանին, այսօր Տիգրան Մուկուչյանը դեռևս ԿԸՀ-ի նախագահն է, ինչո՞ւ, որպեսզի ինքը դարձյալ իր շնորհքն օգտագործի և էլի գործող գործադիր իշխանության համար ձայներ ապահովի:

«Ազատություն» - Այդ փաստարկի առիթվ իշխանությունն ասում է` մենք անցկացրել ենք ընտրություններ, որոնց արդյունքները դուք ընդունել եք, իսկ ձեր դաշինքում են Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», ով ընտրակեղծիքից խոսի, նրանք պիտի լռեն:

Արթուր Խաչատրյան - Իսկ Փաշինյանը 17 թվականին, որ ասում էր` ընտրությունները կեղծված էին, ինքն ընդունել է արդյունքները` ստանձնելով մանդատ:

«Ազատություն» - Բայց միևնույն է` ասել է, որ կեղծված էին, բայց դուք 18-ին չեք ասել, որ կեղծված են:

Արթուր Խաչատրյան - Որովհետև ինքը կեղծելու պատճառ այն ժամանակ չուներ, բայց փորձեր արվեցին:

«Ազատություն» - Դուք արտահերթ ընտրությունները պահանջ դրե՞լ եք, դուք ասել եք` մեզ տվեք իշխանությունը, մենք անցկացնենք ընտրությունները:

Արթուր Խաչատրյան - Ոչ, մենք ասում ենք` պիտի լինի ագային համաձայնության կառավարություն, տվել ենք միայն վարչապետի թեկնածուի անունը, և միտարի հետո պետք է լինեին ընտրություններ:

«Ազատություն» - Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ Վազգեն Մանուկյանն ունի ժողովրդական աջակցություն և վստահություն, որ նա պիտի անցկացնի ընտրությունները և գլխավորի այս անցումը:

Արթուր Խաչատրյան - Կա իշխանություն, կա ընդդիմություն, իշխանությունն իր թեկնածուին է առաջարկում, ընդդիմությունն իր թեկնածուին է առաջարկում:

«Ազատություն» - Իսկ եթե Վազգեն Մանուկյանն ասում է, որ այս իշխանության կազմակերպած ընտրություններին մասնակցելը բացառվում է, դա կլինի խայտառակություն, ի՞նչ քննարկի նրա հետ, դուք չե՞ք ուզում արտահերթ ընտրություններ, պարոն Խաչատրյան:

Արթուր Խաչատրյան - Մենք առաջինն ենք խոսել արտահերթ ընտրությունների մասին, մինչև այս իշխանությունները...

«Ազատություն» - Բայց նախապայմանով:

Արթուր Խաչատրյան - Իսկ ինքն ի՞նչ նախապայմաններ է դնում, ասում է` ես պետք է կազմակերպեմ, և էլի ասեմ` ինքը նույնիսկ այնքան չի վստահում նույնիսկ սեփական 83 պատգամավոր ասեմ, ուսապարկ ասեմ, թե չգիտեմ, որ նույնիսկ խոսում էր Ազգային ժողովի ինքնարձակման մասին, որովհետև վախենում էր, որ եթե ինքը հանկարծ գնար, հրաժարական տար, կարող է հանկարծ իր պատգամավորները, որոնցից մեծամասնությունը շատ լավ հասկանում է, որ այլևս երբեք պատգամավոր չի դառնա և կվերադառնա իրենց նախկին խղճուկ, մոխրագույն կյանքին, իր սեփական պատգամավորներին չէր վստահում:

«Ազատություն» - Պարոն Խաչատրյան, որտե՞ղ են ձեր աջակիցները, ինչո՞ւ նրանք հրապարակներում չեն, ինչո՞ւ դժգոհողները փողոցներում չեն:

Արթուր Խաչատրյան - Մեր աջակիցները հրապարակներում են, և ամսի 20-ին մենք էլի հանրահավաք ենք կազմակերպելու:

«Ազատություն» - Ի՞նչ օրակարգով:

Արթուր Խաչատրյան- Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որպեսզի մենք կասեցնենք ձախողումը, մեր պետությունը վայրկյան-վայրկյան ձախողվում է, գլորվում է դեպի անդունդը: Այս 24 ժամվա ընթացքում պարզվեց, որ այլևս Հայաստանի Հանրապետությունն Արցախ զորք չի ուղարկելու, այսինքն` ՀՀ-ն ինչպե՞ս է պատրաստվում հանդես գալ որպես Արցախի անվտանգության երաշխավորը առանց զորք ուղարկելու: Օրինակ եմ ասում:

«Ազատություն» - Դա պաշտոնապես չի հաստատվել:

Արթուր Խաչատրյան - Այո, ասել է` գաղտնիք է եղել, էլի գաղտնիք է եղել: Էս Պաշտպանության նախարարությանը որ թողնես, գաղտնի էլ կպահեն, որ նախարարի եղբայրն օգնական է նշանակվել:

«Ազատություն» - Գուցե մարդիկ դժգոհ են Փաշինյանից, բայց եթե հարյուր հազարներով չեն գալիս ձեր հանրահավաքներին, նշանակում է արդյոք, որ ձեզ չեն ուզում տեսնել իշխանության:

Արթուր Խաչատրյան - Հիմա օրակարգում Փաշինյանի խնդիրն է, ուրեմն Փաշինյանի ցույցերից հետո` 18 թվականից, ամենամեծ ցույցերը, ամենաշատ մարդկանց փողոց հանել ենք մենք:

«Ազատություն» - Մի քանի հազար, դա արդյոք այն կրիտիկական զանգվածն է:

Արթուր Խաչատրյան - Բայց ինքն այդքան էլ չկարողացավ անել, իրենք փորձեցին Վազգեն Մանուկյանի մուտքը Շիրակի մարզ փակել, 20 մարդ չկարողացան հանել, Արտաշատում ...

«Ազատություն» - Ինքը չի նշանակել հանրահավաք, կոր չի արել իր աջակիցներին գալ:

Արթուր Խաչատրյան - Տենց պատահական եկան հա՞, քանի՞ հազար մարդ էր Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ փակել: Ինքը Սիսիանում քանի՞ հոգի մարդ կարողացավ հավաքի:

«Ազատություն» - Բայց դուք էլ փորձել եք հացադուլ, նստացույց, գործադուլ, ոչ մի բան չի աշխատել, չեն աջակցում ձեզ հարյուր հազարներով: Որտե՞ղ են այդ մարդիկ:

Արթուր Խաչատրյան - Ո՞վ ասեց, որ չի աշխատել: Այդ մարդիկ նստած աջակցում են, հայհոյում են, քննադատում են: Մի մասն հայհոյում է, դա է մեր ժողովուրդը:

«Ազատություն» - Հնարավո՞ր է Դաշնակցությունը նախընտրական պլատֆորմ տրամադրի Ռոբերտ Քոչարյանին, նա քանի որ կուսակցություն չունի, այսինքն` ինքը գլխավորի ձեր կուսակցությունը, այդպես մասնակցի:

Արթուր Խաչատրյան - Ռոբերտ Քոչարյանը կարող է սեփական պլատֆորմն է ստեղծում: Կլինեն ընտրություններ, կհասկանանք` ով ինչ պլատֆորմով է առաջ գալիս, և հնարավոր է ամեն ինչ:

«Ազատություն» - Չե՞ք բացառում:

Արթուր Խաչատրյան - Աշխարհում ոչ մի բան չի կարելի բացառել: Չի նշանակում, էլի եմ ասում, վերնագիր չդնեք է, որ Դաշնակցությունը չի բացառում Քոչարյանի հետ, մենք այդ հարցը չենք քննարկում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG