Մատչելիության հղումներ

Եթե ընդդիմադիր ուժերը չեն ուզում արտահերթ ընտրություններ, կլինի հերթականը. ԱԺ փոխխոսնակ


«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան, արխիվ
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան, արխիվ

Եթե ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում արտահերթ ընտրություններին, կլինեն հերթական ընտրություններ։ Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերին հակադարձում է Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը») Լենա Նազարյանը. «Չեն ուզում արտահերթ ընտրություններ, շատ լավ, կլինեն հերթական ընտրություններ: Ամեն դեպքում քաղաքական փոփոխությունները լինելու են համապետական ընտրությունների միջոցով»:

Եթե իշխանությունը «չի գիտակցում պահի լրջությունն ու ինքնակամ չի հեռանում, կհեռացնենք», Լենա Նազարյանին էլ հակադարձում է Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Ինչպե՞ս են հեռացնելու, եթե Փաշինյանը դիմադրում է, իրենք էլ արտահերթ ընտրություններին դեմ են։

«Շատ գեղեցիկ, հետևողական, համառ պայքարի արդյունքում: Մենք կորցնելու հայրենիք չունենք, իրենք ունեն մի առաքելություն` վերջնականապես կործանել մեր պետականությունը», - ասում է Սաղաթելյանը:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը մերժում են նաև խորհրդարանական ուժերը։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել են՝ արտահերթ ընտրություններն ընդունելի են Փաշինյանի հեռանալու պայմանով։ Լենա Նազարյանի համոզմամբ` ընդդիմադիրների հետ քննարկումները սպառված չեն, շարունակելու են ճգնաժամի հաղթահարման ելքեր փնտրել. «Մենք ձգտեցինք և շարունակում ենք ձգտել լինել կառուցողական, ճգնաժամը հանգուցալուծել համատեղ ուժերով, սահմանադրական գործիքներով, առանց ցնցումների և առանց նոր ճգնաժամեր առաջացնելու»:

Նիկոլ Փաշինյանն ընդամենը իր իշխանությունը պահելու ելքեր է փնտրում, իսկ արտահերթ ընտրությունների նրա օրակարգը շինծու է, ասում է դաշնակցական IԻշխան Սաղաթելյանն ու շարունակում` այդ օրակարգով հանրության ուշադրությունն են շեղում գլխավոր հարցերից. «Փորձում են հասարակությանը բաժանել` ովքեր են կողմ ընտրությունների, ովքեր են դեմ: Չկա նման օրակարգ, դա կեղծ, շինծու օրակարգ է, օրակարգը հետևյալն է` ինչո՞ւ տեղի ունեցավ պատերազմ, ո՞ւմ դավաճանության արդյունքում պարտվեցինք այդ պատերազմում, և ինչպե՞ս ստեղծված իրավիճակից պետք է դուրս գանք: Դուրս գալու միակ ելքը և ճանապարհը գործող իշխանության րոպե և վայրկյան առաջ հեռանալն է»:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կառավարությունը պետք է հրաժարական տա, Ազգային ժողովը երկու անգամ չընտրի նոր վարչապետ, որից հետո խորհրդարանն արձակվի իրավունքի ուժով։ Որպեսզի գործընթացը չտապալվի, Փաշինյանը պետք է ընդդիմադիր խմբակցությունների համաձայնությունը ստանա, որ այլ թեկնածու չառաջադրեն ու ընտրեն։ Մեկ այլ տարբերակ էլ է առաջարկում, որ Սահմանադրությունը փոխեն, Ազգային ժողովի ինքնալուծարման, արտահերթ ընտրությունների նշանակման լիազորության հնարավորություն ստեղծել առանց վարչապետի հրաժարականի։ Իշխան Սաղաթելյանի կարծիքով` Փաշինյանի այս գաղափարն էլ է փակուղային։ Որպեսզի Սահմանադրությունը փոխեն, 88 պատգամավորի ձայն է անհրաժեշտ, իսկ 88 մանդատով իշխող խմբակցությունը եռակողմ հայտարարությունից հետո 4 պատգամավոր լքել է։ Իշխանական խմբակցությունը էլի լքողներ կլինեն, համոզված է Իշխան Սաղաթելյանը. «Փակուղի են տանում, դրանք չեն կարող դառնալ ներքաղաքական դաշտի օրակարգ և քննարկման առարկա ու հետևողականորեն բոլոր ուժերի կողմից մերժվում են»:

Սահմանադրական փոփոխությամբ Ազգային ժողովի ինքնալուծարման գաղափարը նախնական փուլում է, կյանքի կկոչվի քաղաքական ուժերի հետ համաձայնության արդյունքում, կարծում է Լենա Նազարյանը։ Հակառակ դեպքում, ըստ նրա, ընդդիմացողները կսպասեն 2023-ին՝ հերթական ընտրություններին. «Համենայն դեպս ես տեսնում եմ, որ դարձյալ մենք փնտրում ենք ճգնաժամի հաղթահարման հնարավորություններ, և եթե չստացվի, ապա ասացի` կլինեն հերթական ընտրություններ»:

Փաշինյանն արտահերթ ընտրությունների օրակարգով հանդիպումներ է սկսել նաև արտախորհրդարանական ուժերի հետ։ Այս պահի դրությամբ վարչապետի օրակարգը ողջունել է միայն նորաստեղծ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։ Պատգամավոր Բաբաջանյանը ստեղծված իրավիճակից ելքը համարում է արտահերթ ընտրությունները՝ Փաշինյանի ղեկավարմամբ. «Ստեղծված իրավիճակը հնարավոր է հանգուցալուծել բացառապես արտահերթ գործընթացներով` արտահերթ ընտրությունների անցկացմամբ: Հետևաբար, արձագանքելով վարչապետի հայտարարությանը` մենք մեր համաձայնությունն ենք տվել խորհրդակցություններ սկսել դրա շուրջ, ժամկետների շուրջ»:

Արտախորհրդարանական ուժերից երեկ վարչապետը լսել է նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության դիրքորոշումը: Փաշինյանը ներկայիս վարկանիշով ի վիճակի չէ շարունակել պաշտոնավարումը, հանդիպմանը մասնակցած, կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը մանրամասնեց. «Մենք հրաժարական չենք պահանջում, մենք ասում ենք` այն, ով իրեն նշանակել է, թող Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանի և փոխարինի ուրիշով, և դրա մեթոդ կա, միջոց կա` անվստահություն հայտնելը, սահմանադրական միջոց է: Մենք կարծում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս վիճակում անցկացնելը հղի է զոհերով, վիրավորներով և անկայուն վիճակով»:

Լենա Նազարյանը բացառում է, որ իրենք ընտրեն այլ թեկնածուի։ Իշխանության են եկել Փաշինյանի գլխավորությամբ և եթե հեռանան, կհեռանան ամբողջ թիմով. «Ժողովուրդն ընտրությունների ժամանակ իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանին` որպես վարչապետ, և մենք էլ այդպես ենք ընտրությունը կատարել: Հիմա մենք չենք ցանկանում խմբագրել ժողովրդի որոշումը, այլ վարչապետ ընտրել, ինչ է, թե հակակառավարական ուժերը կամ խորհրդարանական ուժերն այլ պատկերացում ունեն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG