Մինչև արտահերթ ընտրությունները, պետք է կարևորագույն քայլեր կատարվեն, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ընթացքում հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Վարչապետն առաջարկում է սկսել քննարկումներ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով, արդյոք մտադի՞ր եք մասնակցել։
Ժիրայր Սեֆիլյան. - Մենք կարծում ենք, որ մինչև արտահերթ ընտրությունները, պետք է կարևորագույն քայլեր կատարվեն, հետո նոր արտահերթ ընտրություններ։ Նախևառաջ Նիկոլ Փաշինյանը պետք է արենայից հեռանա, և մեր առաջարկը, որը եղած սցենարների ամենաանցնցում առաջարկն է, այն է, որ նա ինքը պետք է իր հեռացումը կազմակերպի։ Այսինքն նա զիջելով իր թիմից որևէ այլ կերպարի, իր համար վստահելի և ինչու չէ, որոշ չափով նաև ընդունելի այլ շրջանակների համար, նա պետք է լիազորությունները զիջի նրան և հեռանա արենայից։ Որովհետև նրա միայն երևույթը խանգարում է բազմաթիվ հանգամանքներ, ոչ միայն այնպիսի հանգամանքներ, որ բազմաթիվ շրջանակներ երբեք չէին ուզենա նրա հետ շփվել։
«Ազատություն». - Նկատի ունեք արտաքի՞ն շրջանակներ։
Ժիրայր Սեֆիլյան. - Ե՛վ արտաքին, և՛ ներքին։ Առայժմ ներազգայինի մասին եմ խոսում և ինչո՞ւ չէ, նաև ժողովրդի դեպրեսիայի վրա ուղղակի ազդում է նրա ներկայությունը։ Այսինքն մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ինչքան խորացված վիճակում է գտնվում դեպրեսիվ վիճակը մեր ժողովրդի մոտ։ Ես համոզված եմ, որ մինչև նա չհեռանա, մենք դեպրեսիայից չենք կարողանա դուրս գալ։ Բազմաթիվ գործոններ կան, որ օր առաջ նա պետք է արենայից դուրս գա և նոր միայն այդ նոր կերպարի հետ սկսենք բանակցությունները՝ կարևորագույն խնդիրն անցումային փուլի ծրագրի շուրջ։
Այո, արտահերթ ընտրություններ պետք է լինեն, բայց ոչ շուտ։
«Ազատություն». - Դուք ասում եք՝ խնդիրը Փաշինյանն է, իր թիմակիցներն ասում են՝ նա մեր դաշինքի առաջնորդն է, նա հանրության շրջանում շարունակում է վայելել վստահություն, և իսկապես նա աջակիցներ ունի։
Ժիրայր Սեֆիլյան. - Միշտ էլ որոշ քանակ աջակիցների որևէ իշխանավորի...
«Ազատություն». - Որո՞շ, դա լայն աջակցություն չէ՞։
Ժիրայր Սեֆիլյան. - Չէ, այս կատարված ողբերգությունից հետո, ես վստահ եմ, որ այլևս նրա քաղաքական կարիերան ավարտված է։
«Ազատություն». - Պարոն Սեֆիլյան, եթե, այնուամենայնիվ, ինքը որպես վարչապետի պաշտոնակատար անցկացնի արտահերթ ընտրություններ, դուք կմասնակցե՞ք այդ ընտրություններին։
Ժիրայր Սեֆիլյան. - Մենք ամեն ինչ անելու ենք, որ ժամանակավոր անցումային փուլի տրամաբանության ծրագիր ծնվի և ժամանակավոր կառավարություն ձևավորվի, հետո նոր արտահերթ ընտրություններից խոսենք։
«Ազատություն». - Հիմա օրակարգում Փաշինյանը սա է առաջարկում։
Ժիրայր Սեֆիլյան. - Ես կարծում եմ, որ նրա առաջարկը տրամաբանական չէ, իզուր փորձ է, որը պտուղ չի տալու։
«Ազատություն». - Հանրահավաք անող ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, Վանեցյանը, Հանրապետականը, այլ կուսակցություններ, ի թիվս այլ հարցերի՝ մտավախություն ունեն, որ Փաշինյանը կկեղծի քվեարկությունը, դրա համար իրենք էլ են ասում՝ թող հեռանա, նոր ընտրություններ։ Բայց ի տարբերություն ձեզ, իրենք ասում են՝ մեր թեկնածուն՝ Վազգե Մանուկյանը դառնա վարչապետ, նոր անենք ընտրություն։ Դուք ունե՞ք այդ կեղծելու մտավախությունը։
Ժիրայր Սեֆիլյան. - Ես ասացի բազմաթիվ գործոններ, որոնց պատճառով այս օրերին արտահերթ ընտրություններից խոսելը ճիշտ չենք գտնում։
«Ազատություն». - Թող կես տարի հետո լինի։
Ժիրայր Սեֆիլյան. - Ես այն կարծիքին եմ, որ առնվազն մեկ տարի հետո պետք է լինի, եթե 1,5 տարի հետո լինի, ապա ավելի ճիշտ կլինի։ Նոյեմբերի 9-ից հետո նկատել ենք՝ խոսքը վերաբերում է Կրեմլի կողմից ներհայաստանյան ինչպիսի սցենարներ կարող են կյանքի կոչվել, դրանք երեքն են, որ մինչ այժմ այդ ուղղությամբ քայլեր են կատարվել։ Առաջին սցենարը առկա քաոսը խորացնելն է և դրա արդյունքում հայկական կողմը, հայերը այլևս պետություն պահելու ոչ մի ռեսուրս չունենան, ձեռքերը բարձրացնեն՝ ասելով եկեք հանձնվում ենք, մենք պետություն չենք կարող ստեղծել, տիրություն արեք։ Սա, ըստ էության, Հայաստանը Ռուսաստանին կցելու, այսինքն Արցախն աբխազացնելուց հետո, հաջորդ քայլը Հայաստանը Ռուսաստանին կցելու կամ Հայաստանն աբխազացնելու սցենարն է։
«Ազատություն». - Նկատի ունեք միութենական պետություն և այլն։
Ժիրայր Սեֆիլյան. - Չէ, սա ուղղակի կցելու, ուղղակի աբխազացումն է սա։ Երկրորդ սցենարը միութենական է, որին, ըստ էության, սպասարկում է 17-ի պրոցեսը։ Վազգեն Մանուկյանը ընդամենը Կարեն Կարապետյանի ճանապարհը հարթող առաքելություն ունի։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.