Մատչելիության հղումներ

Վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը, Ռուբինյանի համոզմամբ, հեղաշրջման հույս ունեն


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը ոչ թե ցանկանում են ժողովրդավարական մեթոդներով իշխանություն փոխել, այլ հեղաշրջման հույս ունեն։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Ռուբինյանը վստահեցրեց՝ դա անհույս սցենար է։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Ռուբինյան, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանից բացի ձեր թիմում չկա այլ թեկնածու, որը կապահովի այս անցումը, կբերի կայունություն, որովհետև ի վերջո նա է երկրի ղեկին եղել, երբ Հայաստանը պատերազմում պարտվել է և նրա հրաժարականի պահանջն է հնչում։

Ռուբեն Ռուբինյան․ - Ես դա կեղծ թեմա եմ համարում հետևյալ պատճառով՝ այո՛, Նիկոլ Փաշինյանն է եղել վարչապետ, երբ որ պատերազմն ունեցել է այն արդյունքը, որն ունեցել է, ես եղել եմ պատգամավոր և հանձնաժողովի նախագահ, մեր թիմի բոլոր պաշտոնյաները եղել են իրենց պաշտոններում, և այս առումով ես ընդհանրապես դեմ եմ, ու շատ պրակտիկ առումով եմ դեմ, մեկ մարդու քավության նոխազ դարձնելուց։ Այո՛, վարչապետ Փաշինյանն ինքը բազմիցս ասել է, որ համար մեկ պատասխանատուն տեղի ունեցածի համար ինքն է, բայց դա չի նշանակում, որ պիտի նշանակվի մեկ քավության նոխազ, և ասենք՝ «դե, վերջ, ինքն էր», էլ չմտածենք, թե ինչո՞ւ եղավ, ինչպե՞ս եղավ և ի՞նչ պիտի լինի հետագայում։ Փաստ է, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչն է Հայաստանում։

«Ազատություն»․ - Պարոն Ռուբինյան, իմքայլականներն այդ պնդումը շատ են անում, որտեղից այդ վստահությունը։

Ռուբեն Ռուբինյան․ - Ես կարծում եմ, որ դրա համար հերիք կլինի, որ Դուք դուրս գաք փողոց։ Փաստը նա է, որ վարչապետ Փաշինյանի հրաժարականի համատարած պահանջ չկա։ Եկեք նայենք՝ արդյո՞ք այն ուժերը, որոնք այդպիսի պահանջ են դնում,ունեն բավարար հանրային աջակցություն։ Ես կարծում եմ ակներև է, որ չունեն։ Հիմա կան մարդիկ, կարող են լինել նաև քաղաքական ուժեր, որոնք ասեն՝ «շատ լավ, բայց միևնույն ժամանակ քանի որ վարչապետ Փաշինյանը եղել է վարչապետ, կամ ձեր քաղաքական թիմը՝ «Իմ քայլ»՝ դուք եղել եք իշխանության այս պատերազմի ժամանակ և դրանից հետո և մենք կարծում ենք, ասենք թե, դուք պետք է հեռանաք», դրա համար պետք է կրկին վերադառնանք քաղաքական աբսուրդին․ տրամաբանորեն այն ուժերը, որոնք այդպիսի պնդում են անում, պիտի պահանջեն արտահերթ ընտրություններ, եթե այդ ուժերն այդպիսի պնդում են անում ու չեն պահանջում արտահերթ ընտրություններ, կարող է լինել միայն մեկ հետևություն, որ նրանք իրականում ոչ թե ուզում են իշխանություն փոխվի՝ ժողովրդավարական մեթոդներով, այլ իրենք հեղաշրջման հույս ունեն։ Բայց կարծում եմ, կրկին հետևելով իրենց գործողություններին և նաև հետևելով մեր քաղաքական թիմի այս ընթացքում ցուցաբերած ամրությանը, դա ևս անհույս սցենար է։

«Ազատություն»․ - Պարոն Ռուբինյան, այնպես չէ, որ միայն հրապարակում են հրաժարականի պահանջ հնչեցնում, Դուք լսել եք՝ «Լուսավոր Հայաստան»-ն է դա ասում, Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը, Արման Բաբաջանյանի կուսակցությունը, «Քաղաքացու որոշում»-ը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բուհական շրջանակներ․․․

Ռուբեն Ռուբինյան․ - Ներողություն, նախ ես միայն հրապարակի մասին չեմ խոսում, Էդմոն Մարուքյանը նույնպես չի պահանջում արտահերթ ընտրություններ, պահանջում է որպեսզի վարչապետ Փաշինյանը հրաժարական տա և ինքն ընտրվի վարչապետ։ Տարբերությունը Էդմոն Մարուքյանի և Վազգեն Մանուկյանի այն է, որ նրանք դնում են միևնույն պահանջը, բայց այլ թեկնածու ունեն և պարոն Մարուքյանն ի տրաբերություն հրապարակում հավաքված ուժերի չի անում հանրահավաքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG