Մատչելիության հղումներ

Խորհրդարանում կայացավ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, արխիվ

Խորհրդարանում քիչ առաջ ավարտվեց վարչապետ Փաշինյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպումից հետո Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պնդել է` իրենց օրակարգը չի փոխվել, և ասել է այն ամենը, ինչ ասում են խորհրդարանի պատերից դուրս, այսինքն` պահանջում են վարչապետի հրաժարականը:

Գագիկ Ծառուկյանը շեշտեց՝ ասել է, որ արտահերթ ընտրություններն իրենց համար ընդունելի կլինեն, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետի պաշտոնում:

Վարչապետի հետ այժմ հանդիպում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միացել է «Հայրենիքի փրկության շարժմանը», որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և դեմ է արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկին։ Շարժման վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Ըստ նրանց, պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ընտրվի ժամանակավոր վարչապետ և մեկ տարի անց միայն կազմակերպվեն արտահերթ ընտրություններ։

Թե ինչո՞ւ է շարժմանը միացած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը որոշել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, դեռ չեն մեկնաբանում ո՛չ «Իմ քայլից», ո՛չ ԲՀԿ-ից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ ԼՀԿ-ի վարչապետի թեկնածուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի հետ հանդիպման որոշում չունեն, բայց եթե վարչապետը որոշի այցելել իրենց խմբակցություն, ապա դեմ չեն լինի։

Արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով քաղաքական ուժերի, ինչպես նաև խորհրդարանական ուժերի հետ հանդիպման մասին խոսեց նաև Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հստակ ժամկետ չնշելով, թե իշխանությունը երբ է նախատեսում անցկացնել արտահերթ ընտրություններ։

«Օր առաջ ընտրություններ են պետք, և դա պետք է բոլորին, նաև իշխանությանը։ Ինչ վերաբերում է ժամկետներին, դրանք կախված են շատ տարբեր տեխնիկական և քաղաքական լուծումներից, որովհետև այդ ժամկետները պետք է համաձայնեցված լինեն նաև մեր գործընկերների հետ», - նշեց Սիմոնյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ ընդդիմության օրակարգում հիմա վարչապետի հրաժարականն է, Ազգային ժողովի փոխխոսնակը պատասխանեց. «Շատ նորմալ է, որ ընդդիմության համար իշխանության գործող ղեկավարի հրաժարականն առաջնային թեմա է, շատ նորմալ է, որ իրենք իրենց ղեկավարներին են տեսնում որպես ղեկավար»։

XS
SM
MD
LG