Մատչելիության հղումներ

Նախագահը հայտարարում է՝ չի պատրաստվում վարչապետ լինել, կուսակցություն ստեղծել


Հայաստանի նախագահը պատերազմի ընթացքում և դրանից հետո տարբեր ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կրկին պնդել է, որ պետական համակարգը Հայաստանում լիարժեք չի աշխատում։ Այդ համատեքստում Արմեն Սարգսյանը կարևորել է նախագահի ինստիտուտը։ Խորհրդարանական կառավարման մոդելը ընտրած Հայաստանում նախագահի ինստիտուտը մեծամասամբ արարողակարգային բնույթ ունի։

«Ես չեմ կարծում, որ այսպես ասած՝ «դզել-փչելով» կարող ենք պետություն կառուցել: Եկեք համակարգային մոտեցում ունենանք: Պետք է աուդիտ անենք բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարությունից, ազատությունից սկսած: Մենք ունենք պետություն, որտեղ ամեն ինչ անձնավորված է, բոլորը փրկիչ են փնտրում: Երբ անձնավորում ես ինստիտուտը մարդու հետ, դա աղետ է: Առաջնորդներ են պետք, ոչ թե փրկիչ», - ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանը կրկին ասել է՝ չի պատրաստվում վարչապետ լինել, կուսակցություն ստեղծել. «Պարզ ասել եմ՝ չեմ պատրաստվում վարչապետ լինել, չեմ պատրաստվում կուսակցություն ստեղծել, գիտեմ, որ ունեմ պարտականություններ այս շենքում նստած: Մանավանդ հիմա, երբ վիճակը ճգնաժամային է, այս ինստիտուտը դառնում է ավելի կարևոր։ Ես պատրաստ եմ բոլորիդ հետ աշխատել, որպեսզի ստեղծենք այդ պլատֆորմը, ես էլ ինչ-որ հնարավոր է այս մի քան տարին, որ նախագահ եմ, պիտի անեմ, որ այս երկիրը կայուն լինի և այս պրոցեսների մեջ առանց մեծ կորուստների գնա»:

44 օր ձգված պատերազմից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին պարբերաբար խոսող Սարգսյանը, որ արդեն մի քանի անգամ առաջարկել է վարչապետին հրաժարական տալ, Հայաստանում անցումային կառավարություն ձևավորել ու հետո արտահերթ ընտրություններ անցկացնել, այսօր կայացած հանդիպմանը կրկին խոսել է նախագահի ինստիտուտի սահմանափակ լիազորությունների մասին։ Ավելի վաղ Սարգսյանը ընդգծել էր նախագահին ընտրելու անհրաժեշտության մասին։ Արմեն Սարգսյանը նախագահ է նշանակվել խորհրդարանի կողմից երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, թավշյա հեղափոխությունից առաջ, երբ Հայաստանի Սահմանադրության փոփոխմամբ երկիրը կիսանախագահականից դարձավ խորհրդարանական կառավարման մոդելի պետություն, և Սահմանադարությամբ նախագահի լիազորությունները կրճատվեցին։

Սարգսյանը հույս ունի, որ ղարաբաղյան պատերազմի դժբախտությունից ու դժվարությունից հետո նորից հնարավոր կլինի պետություն կառուցել. «Եթե մենք արմատապես չփոխենք, փորձենք կարկատաններ անել, նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվելու»։

Նախագահի գնահատմամբ՝ բոլոր ոլորտներում դժվարությունները ավելանալու են և որ պետք է փոխել մոտեցումը պետության ու պետականության հանդեպ: «Մենք ընդհանրապես սկզբունքորեն մեր մոտեցումը պետությանը, պետականությունը պետք է փոխենք։ Մեր ազգային արժեքներն ու պետականությունը պետք է կարողանանք ամեն օր պաշտպանել, որպեսզի կարողանանք ցույց տալ, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք», - ընդգծեց նա։

Նախագահ Սարգսյանն անդրադարձ է կատարել սփյուռքի հետ հարաբերություններին և ընդգծել՝ ամեն ինչ արվում է սփյուռքի առջև պատնեշ կառուցելու համար։ «Մեր ամենամեծ առավելությունը մենք ենք՝ հայերս: Ամեն ինչ անում ենք, որ Սփյուռքից մարդիկ չգան այստեղ, աշխարհի հնարավոր պատնեշներ, Բեռլինի պատեր ենք սարքել: Այնպես ենք արել, որ հանկարծ չգան, թող այնտեղից գումար ուղարկեն, մենք կծախսենք», - ասաց նախագահը։

Հաղորդագրության համաձայն, Սարգսյանը ի պատասխան Սփյուռքի համախմբմանը վերաբերող հարցի՝ մասնավորապես նշել է, որ պետք է մարդկանց ներգրավել, քաղաքացիության հետ կապված պատնեշները հանել. «Մենք խնդիր ունենք արմատական փոխել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Այս առումով Հայաստանի նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը, Հայաստանի կառավարությունը պետք է լինի նաև բոլոր հայերի կառավարությունը, լսի նրանց և ներգրավի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG