Այսօր Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները փորձել են խոչընդոտել իմքայլական պատգամավորների մուտքը խորհրդարան։ Չնայած տեղում բազմաթիվ ոստիկաններ էին ծառայություն իրականացնում, բախումներ են եղել պատգամավորների և ցուցարարների միջև։ Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դեպքում գործը նաև հայհոյանքի, քաշքշոցի ու ծեծկռտուքի է հասել։
Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում պատգամավորը տեղի ունեցածը սադրանք որակեց, իր քայլերն էլ, ասաց, ինքնապաշտպանության շրջանակներում էին. «Տեսանյութում էլ է երևում, որ ես անգամ պատուհանս եմ փակում, ասում եմ` դե լավ, թող վիրավորեն, մինչև ոստիկանությունը կգա, կտեսնենք` ինչ է կատարվում: Այդ պահին մեքենայի մեջ մեծ, բարձր աղմուկ լսվեց, դիմացից կամ հետևի հատվածում մեկը շատ ուժեղ հարվածում էր մեքենայիս, մեկ-երկու անգամ հարված լսեցի: Եվ պարզապես իջնում էի մեքենայից, ասացի` ո՞վ է հարվածել, ու եղավ այն, ինչ որ եղավ: Ես իմ աչքի առաջ ունեցել եմ նաև այդ պահին, օրինակ` այդ նույն հատվածում նոյեմբերի 9-ի հիշերը տեղի է ունեցել հարձակում Ազգային ժողովի նախագահի վրա: Այո, եթե քեզ հարվածում են, եթե քեզ ուզում են խփել, եթե քեզ վիրավորում են, ինքնապաշտպանությունն իրենից ենթադրում է, որ դու էլ դրան համաչափ պետք է օրինակ` պաշտպանես քեզ, այլ բան կլիներ, իմ կարծիքով, եթե օրինակ` ինձ ձվերով կամ բռունցքով հարվածել փորձողներին ես օրինակ` հրացանով կրակեի իրենց վրա: Ես կարծում եմ` ես անհրաժեշտ ինքնապաշտպանության եմ դիմել և համաչափ»:
Ազգային ժողովի ամբիոնից տեղի ունեցածը դատապարտեց ցուցարարների հետ բախված ևս մեկ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նրա կոչը ոստիկանությանն էր ուղղված՝ ապահովել պատգամավորների անվտանգությունը. «Ես դիմում եմ Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետին և խնդրում, հորդորում ու պահանջում, որպեսզի շատ արագ Երևան քաղաքում վերականգնվի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների, և բազմաթիվ քաղաքացիներ ինձ այս վերջին րոպեների ընթացքում գրում են և ասում են` եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանել մեր կողմից ընտրված պատգամավորներին և իշխանությանը»:
Ցույցի մասնակիցներից շատերը հրաժարվեցին զրուցել «Ազատության» հետ տեղի ունեցածի վերաբերյալ։ Շարժման համակարգողներից դաշնակցական Գեղամ Մանուկյանն ասաց` այո, ցույցն առանց միջադեպ չի եղել, զուգահեռ նկատեց` «Իմ քայլից» շատ պատգամավորներ էլ կան, ովքեր անձնական զրույցներում աջակցում են ցուցարարներին և նրանց առաջ քաշած պահանջները։ Ցուցարարները պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Որոշների դեպքում շատ ավելի ոչ հարթ է եղել, բայց անկեղծ ասեմ` իրականում պատգամավորներից շատ- շատերն անձնական զրույցներում իրենք էլ են գիտակցում, որ այդպես հնարավոր չէ շարունակել, այս մարդով հնարավոր չէ երկիր կառավարել», - նշեց Մանուկյանը:
Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, բռնությունը դատապարտելով հանդերձ, իշխանական պատգամավորներին հիշեցնում է հեղափոխության օրերը. «Իրենք թող հիշեն` ինչ էին անում իրենք, թե ինչպես էին դագաղներ բերում և դնում կանանց դռների առջև, կին քաղաքական գործիչների, որոնք ստիպված էին փրկվելու համար շտապօգնության մեքենաներ կանչել և փախչել իրենց տնից»:
Ոստիկանությունը այսօր միջադեպից հետո Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկել մոտ մեկ տասնյակ քաղաքացիների։ Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ դեպքի առթիվ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։