Եղանակային վատ պայմանները խոչընդոտում են անհետ կորածների որոնողական աշխատանքներին, սակայն Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը վստահեցնում է՝ ջոկատներն առավոտ ժամը 8-ից մեկնել են տարբեր ուղղություններով։
«Որոնողական աշխատանքներ այս պահի դրությամբ կատարվում են Շուշիի շրջանում, դա վերաորոնողական աշխատանքներ են, այդ հատվածներում շատ է իրականացվել, այսօր էլ կշարունակվի: Կատարվում է նաև Հադրութի, Ջրականի շրջանի` Ջաբրայիլի, և Զանգելանի` Կովսականի հատվածներում կշարունակվի», - փոխանցեց նա:
Թադևոսյանի խոսքով՝ 8 մարմին երեկ է հայտնաբերվել Հադրութում և Ջաբրայիլում։ Բոլորը զինվորականներ էին։ Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի 13-ից մինչև օրս հայտնաբերվել է 1069 աճյուն, նրանց մեջ նաև խաղաղ բնակիչներ։
Անհետ կորածների հարազատները, որոնք հավատում են՝ տղաները կարող են դեռ թաքստոցներում լինել, անհանգիստ են՝ ձյունը, բուքը կարող է կործանարար լինել: Պաշտոնյաներին խնդրում, հորդորում ու պահանջում են ավելի արագ աշխատել։ Արցախի ԱԻՆ-ի աշխատակցի պնդմամբ՝ եթե նախկինում 2-3 ջոկատով էին աշխատում, հիմա դրանք 5-ն են. «Եվ նաև շատացել են օրվա մեջ ուղղությունները, որտեղ կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Եղանակը խանգարում է նաև մեզ, որովհետև այս պահին էլ ձյուն է տեղում, բայց աշխատանքները չեն դադարում, բանակցում են Կարմիր խաչը, ռուսական խաղաղապահ զորակազմը, իսկ մենք բուն գործողություններին ենք մասնակցում, ջոկատների հետ նաև ծնողներ կան և տարածքում ռազմական գործողություններ անցած կամավորներ ու զինծառայողներ»:
Այդուհանդերձ, 3 ամիս տարբեր դռներ թակելուց և այդպես էլ հուսադրող պատասխան չստանալուց հետո գերեվարված, անհետ կորած զինծառայողների հարազատների մի մասը հասել է Արցախ՝ միանալու որոնողական աշխատանքերին։ Նրանցից մեկն էլ Արսեն Ղուկասյանն է. գրեթե երկու ամիս եղբորն ու եղբորորդուն է փնտրում։ Մի քանի օր առաջ գտավ եղբոր դին, Երևան չի գալու, մինչև չգտնի եղբորորդուն ու մյուսներին. «Իմ հարսն ասել է` տուն չգաս, մինչև երեխուս չբերես, ես էլ ախպորս տարա, հիմա էլ եկել եմ երեխու հետևից, հույս ունեմ, Աստված կանչում եմ, որ գոնե երեխուն ողջ տանեմ, ախպորս նման փակ մարմինը չտանեմ»:
«Ազատության» հետ զրույցում Ղուկասյանը դժգոհեց Հայաստանի կառավարությունից, միայն խոսքեր է լսել, արդյունք չի տեսել։ Նրա պնդմամբ՝ միակ աշխատող կառույցն այսօր Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունն է։ Ու թեև ամեն օր վաղ առավոտից ԱԻՆ աշխատողները ոտքի վրա են, այդուհանդերձ, Ղուկասյանի խոսքով՝ վերջին օրերին խնդիրները շատացել են. «Երրորդ օրն է` գնում են, հասնում են, արդեն մտնում են թուրքի տարածք, էնտեղ ասում են` չէ, եղանակը լավը չի, էստեղ ասում են` հա, էնտեղ ասում է` չէ: Մենք չենք կարող մեր անվտանգութունն ապահովել»:
Իսկ ժամանակն աշխատում է ի վնաս ողջերի։ Մի դեպքի մասին պատմեց, զոինվորի հայրը խնդրել է անունը չհրապարակել, մայրը չլսի. «Էտ երեխեն էնտեղ մահացել է, անօգնական վիճակում մահացել է, վիրավորում ստացած վիճակ է եղել էտ երեխու մոտ, ու տենց իր նման կան էլի երեխեք: Մենք հիմա ծնողներով խոսում ենք, որ հերթով բոլորին տեսել ենք, լսել ենք, խոսել ենք, ասել ենք, հիմա երեխեքն ասում են, որ էս ինչն էլ էր վիրավոր, էն ինչն էլ էր վիրավոր, սենց, մի քանի մարդ: Հասկանո՞ւմ եք, արդեն ամսից ավելի էտ երեխեքը վիրավորում ստացած, անօգնական, անտառների մեջ, ոչ մի բուժօգնություն չկա, ոչ մի բան չունեն»:
Անհետ կորածների մասին գոնե մի լուր ստանալու ակնկալիքով Երևանում էլ ծնողները կառավարությունից դեսպանատուն, այստեղից էլ Պաշտպանության նախարարություն և հնարավոր բոլոր կառույցներին շարունակում են դիմել ու դիմել։ Դեռևս ապարդյուն։
Ստեփանակերտի «Ցոր» զորամասի տղաների ծնողները երեխաներից վերջին լուրը ստացել են հոկտեմբերի 12-ին։ Զինվորներն այդ օրը տեղափոխվել են Հադրութ, որը գրավվեց ադրբեջանական ուժերի կողմից։ Քրոջ որդուն փնտրող Եղիշե Զաքունցն «Ազատությանն» ասաց՝ մինչ օրս չեն կարողանում ստանալ ընդամենը 3 հարցի պատասխան. «Ողջերի որոնողական աշխատանքները խոչընդոտներ են առաջացնում Ադրբեջանի կողմից: Արդեն քանի օր է` ասում են` ձյուն է, և մառախուղո է, որը մեզ չի բավարարում որպես ծնող: Դիերի հետ կապված` մենք ունենք դեպքեր, որ ոչ միայն մեր «Ցորի» հետ կապված, բայց մնացած դիերի, որ տեղանքում վիդեոների մեջ կա, տեսնում ենք, օրինակ, 11 դի, բայց դրա հետ միասին հանվել է տեղանքից մենակ 5 դի: Իսկ մնացած 6 դիերի ճակատագիրը մենք չենք իմանում` ինչ է կատարել Ադրբեջանի կողմը: Եվ երրորդ հարցը, որը մեզ շատ է անհանգստացնում, գերիների հարցը, այսինքն` հստակ ոչ մի ցուցակ չկա, և ոչ մի թիվ չկա, որ մենք կարողանանք հասկանալ»:
Դժբախտությունը միավորել է մեր ընտանքիներին, ասում էին ծնողները։ Նպատակը ընդհանուր է՝ գոնե մեկին գտնել ողջ։ Պատերազմի ավարտից հետո փրկարարները ինը մարդու են գտել՝ վեց զինվորները և երկու խաղաղ բնակիչները հայտնաբերվեցին անցած շաբաթ, իսկ անտառում թաքնված ոստիկանը՝ հրադադարից մեկ շաբաթ անց։