Մատչելիության հղումներ

40 անհետ կորած քաղաքացիական և բռնի անհետացած անձ կա, հայտնում է Արտակ Բեգլարյանը


Այս պահին 40 անհետ կորած քաղաքացիական և բռնի անհետացած անձ կա, որոնցից մի մասը, տարբեր տեղեկություններով, սպանվել է, մի մասը գերեվարվել և ադրբեջանական բանտում են պահվում, իսկ մյուս մասը անհետ կորած է։ Այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։ Ներկայացրեց նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանված քաղաքացիական անձանց վերաբերյալ նախնական տեղեկատվություն։

«Մեր արձանագրմամբ 60 քաղաքացիական զոհ կա, որից 39-ը պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով, այսինքն` քաղաքացիական օբյեկտներին թիրախավորելու հետևանքով, հեռահար հարվածների հետևանքով, և 21-ը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ կամ գերեվարման մեջ ընկած քաղաքացիներից սպանության դեպքերն են, հիմնական մասը մարմիններն արդեն գտել ենք, վերադարձվել են, մի քանի դեպք տեսանյութերի հիման վրա կամ ականատեսների վկայությունների հիման վրա, տեղյակ ենք, որ սպանվել են: Բայց ճնշող մեծամասնությունը մարմիններն առկա են», - ասաց նա:

Գերիների վերադարձի մասին խոսելով` Բեգլարյանը նշեց, որ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում համակարգման խնդիրներ եղել են, բայց գլխավոր խանգարող գործոնը Ադրբեջանի ապակառուցողական ու հանցավոր վարքն է ոչ միայն այն տեսանկյունից, որ մեծածավալ հանցագործություններ են կատարվում ու սպանություններ, այդ թվում՝ գերեվարված անձանց, բայց նաև ակնհայտ է, որ նրանք թաքցնում են և՛ ռազմագերիներին, և՛ քաղաքացիական անձանց. «Դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ: Կխուսափեմ թիվ նշելուց: Որոնց մի զգալի մասը նաև տեսանյութերով են ապացուցված, որ իրենց մոտ են գտնվում»:

Բեգլարյանի տեղեկություններով՝ Ադրբեջանից վերադարձած հայ գերիների ընդհանուր թիվը 53 է։ Օմբուդսմենն ասում է՝ վերադարձած գերիներից շատ վկայություններ կան, որ ադրբեջանական բանտերում և նաև զինված ուժերի կողմից գերեվարման ընթացքում նրանք, այդ թվում՝ կանայք արժանացել են անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, հոգեբանական և ֆիզիկական բռնության։ Նրանց զգալի մասն առ այսօր կրում է հետևանքները և հիվանդանոցներում բուժում է ստանում. «Բացի այս 53-ից, 2 քաղաքացիական պաշտոնապես հայտարարված գերիներ մահացել են ադրբեջանական բանտում, մեկի մարմինը փոխանցվել է, մյուսի մարմինը դեռևս չի փոխանցվել մեզ: Երկուսի պարագայում էլ հստակ բավարար ապացույցներ կան` պնդելու, որ բանտում սպանվել են, երկուսն էլ տարեց անձինք են` մեկը` 80-ն անց, մյուսը` 79 տարեկան»:

Մարդու իրավունքների պաշտպանը դեռ երեկ հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու համար։ Այսօր թեև չնշեց, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Արցախի կառավարությունում, սակայն ասաց՝ գործադիրում նախ կարճաժամկետ ճգնաժամային կառավարման հարցերով է զբաղվելու. «Խնդիր կա կառավարման համակարգն առաջին հերթին վերադարձնելու իր հուն` նախապատերազմյան շրջանին, արագ քայլերով հաղթահարելու գոնե հաղթահարելի խնդիրները կարճաժամկետ հատվածում, որից հետո ավելի միջնաժամկետ ու երկարաժամկետ հատվածների համար պետք է պլանավորենք և իրականացնենք բարեփոխումներ, իհարկե, նախագահի ծրագրին, հայտարարած կուրսին համապատասխան, և ես առավելագույնս պատրաստ եմ նախագահի գլխավորությամբ այդ բարեփոխումների աշխատանքներին լծվելու, որը նաև ծառայելու է նաև մարդու իրավունքների պաշտպանությանը:

Սա դեռևս որպես մարդու իրավունքների պաշտպան եմ ասում, կարծում եմ, որ հիմա գլխավոր ուշադրությունը մի քանի առանցքային խնդիր կա, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել, հիմնականում կարճաժամկետ կամ միջնաժամկետ լուծումների առումով, հումանիտար տեսանկյունից հաջորդ խնդիրը շատ-շատ կարևոր է` անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը, զոհվածների մարմինների հանումը, գերիների վերադարձը»:

XS
SM
MD
LG