Մատչելիության հղումներ

Չնայած ռուս զինվորականի հորդորին՝ Աղավնոյից հայկական դրոշները չեն հեռացվել


Մինչև պատերազմը 70 տուն ունեցած Աղավնո գյուղ արդեն 15 ընտանիք է վերադարձել. պատերազմի օրերին հեռացած բնակիչներից շատերը փորձում են մինչև Ամանոր վերադառնալ գյուղ, պատմում է համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։

Աղավնոն Քաշաթաղի շրջանի հայկական մնացած 3 բնակավայրերից մեկն է։

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը, արխիվ
Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը, արխիվ

«Պիտի փորձենք, որ դպրոցը գործի, քանի որ անցած տարի կորոնավիրուսի պատճառով հետ են մնացել մեր երեխաները, այս տարի էլ` պատերազմից հետո: Ուզում է հինգ դասարանով սկսենք, բայց պետք է սկսենք», - ասաց համայնքապետը:

Գյուղում փորձում են վերադառնալ, բնականոն կյանքին, երեկվանից արդեն վերականգնվել է էլեկտրամատակարումը։ Ժամանակին Լիբանանից Արցախ տեղափոխված համայնքապետի կարծիքով՝ Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքում տեղակայված գյուղը հայկական պահելը ռազմավարական նշանակության հարց է, պատերազմի ժամանակ ու նաև նոյեմբերի 9-ից հետո ինքն անձամբ թույլ չի տվել, որ գյուղացիներից մեկը քանդի իր տունը կամ առավել ևս այրի։

«Հիմա էդ պանիկան չգիտեմ ոնց տարածվեց և ինչպես, մեծ մասամբ ազդվեցին այդ ալիքից և դուրս եկան: Երաշխիք չունին, մեղադրելու չէ որոշ չափով, բայց դե մեր աչքի առաջ էր այդ ամեն ինչը, մեր զոհված ընկերների արյունով, մենք էլ էդ շարքում պետք է լինենք, եթե հարկ եղավ, այդ սկզբունքով մենք մնացինք», - նշեց Անդրանիկ Չավուշյանը:

Աղավնոյում ապրելը ամենօրյա մարտահրավեր է դարձել բոլորի համար, այդ թվում՝ համայնքապետի։ Օրեր առաջ Չավուշյանը երկար խոսակցություն է ունեցել Լաչինի միջանցքի պատասխանատու ռուս զինվորականի հետ, որն առաջարկել է հեռացնել հայական դրոշները տարածքից՝ մտավախությամբ, թե դրոշների առկայությունը կարող է նոր լարվածության պատճառ դառնալ։ Անդրանիկ Չավուշյանը պատասխանել է, որ չի կարող հեռացնել դրոշները։

«Ասում է՝ չպիտի լինի, ինձ չի ասում հանիր, այսինքն նույնն է, ոչ թե միայն հանելու, այլ ամեն տան վրա հիմա պիտի դնեմ, մենք Նոր տարին սենց ենք զարդարելու մեր տները: Մենք որտեղ որ ապրել ենք, լինի Սիրայում, Լիբանանում, որտեղ եղել ենք, մեր եռագույնը մեր գլխի վրա ծածանվել է, հիմա մեր հողի վրա, մեր հայրենիքում ինձ պիտի գա՞ն ասեն՝ եռագույնը [հանիր], դա օրենք ա, ես էդ օրենքը հաշվի չեմ առնում, թող ասեն՝ խախտում ա: Միշտ հայը ենթակա է եղել, խելոք, չի՞ կարելի, եթե խախտում են ասելու, դավաճանություն, դա մեդալ է իմ դոշին, ոչինչ», - հայտարարեց Անդրանիկ Չավուշյանը:

Դրոշները չեն հեռացվել, զենքերն էլ առայժմ չեն հանձնել, Աղավնոյում փորձում են ռուս զինվորականների հետ աստիճանաբար հասնել փոխադարձ վստահության, ասում է համայնքապետը։ Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ ռուսական կողմն ուզում է զինծառայողների ընտանիքների տեղափոխել Աղավնո։

«Ասում եմ՝ էլի ես հյուրընկալ եմ, կարամ տներ հատկացնեմ, թող դիմեն հինգ տուն ռուս սպաներին տամ, տասը տուն տամ, հարց չկա, բայց պիտի դիմեն, չէ՞, պիտի ասեն, ոչ թե խլելու ձևով, թող ասեն, շատ հոժար կտանք», - ասաց համայնքապետը:

Հայաստանը Արցախին կապող ճանապարհին տեղակայված Աղավնոյի տղամարդկանցից 1-ը զոհվել է պատերազմում, 3-ը անհետ կորել են, 4-ը՝ վիրավորվել. «Մինչ օրս երեք անհետ կորած, որոնք հավանականությունը շատ է, որ զոհվել են»:

Աղավնոյի բնակիչ Համլետ Առաքելյանը, արխիվ
Աղավնոյի բնակիչ Համլետ Առաքելյանը, արխիվ

Անհետ կորածներից մեկը 48-ամյա Համլետ Առաքելյանն է, որի ընտանիքը մինչև վերջերս հույս ուներ, թե նա կգտնվի, սակայն վերջերս ադրբեջանական գերությունից վերադարձած մի երիտասարդ պատմել է Համլետի կնոջը՝ Աիդա Ավագյանին, որ Համլետին տեսել է մարտադաշտում ծանր վիրավորված։ Ընտանիքի 4 երեխաներն ու մայրն արդեն գրեթե վստահ են, որ Համլետը զոհվել է։

«Իրանց ջոկատից ոչ մեկն էլ չի եկել: 48 հոգի են եղել, մեկը այդ տղան է եղել, ոնց որ գերի են տարել, դե հիմա եկել է, մնացածից ոչ մի լուր չկա մինչև հիմա», - ասաց Համլետի կինը:

Աիդան վերցրել է դստրերին ու վերադարձել Աղավնո, ասում է՝ ամուսինը շատ էր ցանկանում, որ ապրեն այս գյուղում, դրա համար էլ Գորիսից հետ են եկել իրենց տուն։ Այստեղ են ամուսնու հետ կապված բոլոր հիշողությունները: «Համոն չէր ուզում էս գյուղից դուրս գար, մենք արել էինք ստեղ, ստեղծել: Չարչարվելով, բայց մերը ունեցանք: Իրա ասածը չեմ ուզում, որ սրտիս դարդ լինի, հետ եմ եկել նորից: Հիմա էս պահին ստեղ ես եմ, երկու աղջիկներս, տղես դպրոց է գնում Գորիսում, վաղը չէ մյուս օրը արձակուրդ կտան, էլի հետ կգա: Երեխեքը ստեղ են ուզում, ոնց որ ստեղ պապային ավելի շատ հիշեցնող բաներ կան: Համոյից թանկ ոչինչ չեմ ունեցել ստեղ, որ հանեի, բացի իմ երեխեքից: Դե հիմա էլ իմ տանը նույն ձև ապրում եմ ոնց որ միշտ, ուղղակի առանց Համո», - նշեց Աիդան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG