61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է հայտնաբերվել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ:
ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան:
ԱԻ ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ, և գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիներին հայտնաբերելու համար:
Հիշեցնենք, որ երեկ էլ ՊԲ 6 զինծառայողներ էին հայտնաբերվել, ումից 70 օր որևէ լուր չի եղել: