Մատչելիության հղումներ

Փաշինյանն իր վրա է վերցնում ոչ միայն ստեղծված իրավիճակի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը


Կառավարության նիստը` այսօր` նոյեմբերի 26-ին, Երևան
Կառավարության նիստը` այսօր` նոյեմբերի 26-ին, Երևան

Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժը անսպառ է, և իշխանությունների առաջիկա ամենակարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա, գրեթե երկամսյա դադարից հետո կայացած կառավարության նիստին՝ այսօր, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի նիստն անցավ կազմի նկատելի փոփոխությամբ. նախորդ օրերին փոխվել են 12 նախարարներից վեցը։

«Կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սեփական երկրի և իրավիճակը տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակը իրական տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի, և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա: Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժը անսպառ է, և մեր առաջիկա ամենակարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա», - նշեց վարչապետը:

«Ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, այդ ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ, մեր բազմաթիվ քույրեր ու եղբայրներ մեզ հետ չեն ապրում այսօր,- շարունակեց Փաշինյանը, - բայց այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է` մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը»:

Նիկոլ Փաշինյանը կրկնեց՝ որպես Հայաստանի վարչապետ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը. «Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը, արտաքին և ներքին կայունության ու անվտանգության ապահովումը, և նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն է, և մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա»:

Նոյեմբերի 18-ին Ֆեյսբուքի իր էջում վարչապետը հրապարակեց առաջիկայում կառավարության անելիքների 15-կետանոց ճանապարհային քարտեզ՝ հայտարարելով, որ ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն ինքն է, բայց իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ինքն է:

Քարտեզի առաջին երեք կետերն են՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ, ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը և զոհված զինծառայողների ու քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

«Կառավարությունը Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն 2 միջոցառում է ընդունել բավականին մասշտաբային, աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է: Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ», - նշեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի` նույնիսկ այս դժվար ժամանակներում Հայաստանում բարեփոխումները պետք է շարունակվեն. «Ընդ որում, բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով: Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենա նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG