Մատչելիության հղումներ

Գյումրիում ապաստանած հերհերցի մի քանի ընտանիքներ այսօր վերադառնում են Արցախ


Գյումրիում ապաստանած Մարտակերտի շրջանի Հերհեր գյուղի մի քանի ընտանիքներ այսօր առավոտյան արդեն վերադառնում են Լեռնային Ղարաբաղ։

Լաուրա Վարդանյանը Հայաստանից Հերհեր հարս է գնացել ու հիմա արցունք աչքերին սպասում է, որ օր առաջ տուն հասնի․ - «Մեր գյուղի հացն եմ ուզում՝ թոնրի հացն եմ ուզում, մեր տունն եմ ուզում, մեր հողն ու ջուրն եմ ուզում։ Շատ եմ ուզում գնամ իմ Հերհեր գյուղ, իմ Ղարաբաղ։ Ոսկին էժան ա, իմ Ղարաբաղը թանկ ա, շատ թանկ ա մեր համար։ Մեր գյուղն ենք ուզում, ինչքան էլ «Գրադը» տված լինի, մեր հողն ու ջուրը թանկ ա։ Թեկուզ տուն էլ չունենամ, էն հողի վրա, որ պալատկան զարկեմ նստեմ, ինձ հերիք ա»։

Տիկին Լաուրան համոզված է, որ պատերազմից տուժած գյուղը կվերականգնեն, իրենք էլ ապահով կապրեն:

«Մենք խաղաղ ժողովուրդ ենք, մենք ուզում ենք խաղաղություն, որ ամեն մի ընտանիք իր տան մեջ խաղաղ ապրի, չեմ ուզում էս կռիվը կրկնվի», - ասաց Հերհերի բնակիչը՝ շարունակելով․ - «Ռուսական բանակի կեսը մեր դպրոցում ա, ներքևն էլ են կանգնել, բազարում էլ՝ Կարմիր շուկայի մոտ էլ երեք պոստ են դրել։ Ապահով ենք, զգում եմ, որ ռուսական բանակը մեզի ապահով կհասցնի տեղ, մեզի ուրախ, երջանիկ կյանք էլ կսպասի։ Հույս ունեմ էլի, հույսը վերջում ա մահանում»։

Հերհերի մեկ այլ բնակիչ Ամալյա Համբարձումյանն այսօր ճանապարհ կընկնի 90-ամյա սկեսրոջ հետ: Պատմում է՝ չէր ուզում գյուղից դուրս գալ, բայց բնակչությանը տեղափոխել են ապահովության համար: «Տան կիսափուլ պատը կնորոգենք ու կշարունակենք ապրել մեր հող ու ջրում», ասում է հերհերցի 52-ամյա կինը՝ երջանկացած, որ ընտանիքը վերջապես իրար գլուխ է հավաքվում։

«Գրադը», որ մեր տան մոտիկ անկյունին խփեց, պատը մի քիչ հեռացավ, բայց ոչինչ, երեխաները կսարքեն։ Ապահով ենք, ոչինչ, փառք Աստծո, գնանք հասնենք գյուղ՝ մեր հողը, մեր ջուրը», - ասաց Ամալյա Համբարձումյանը։

​Հերհերը նոր գծված սահմանի անմիջական հարևանությամբ չէ, գյուղացիները լսել են, որ համայնքի մոտ ռուս խաղաղապահներն են տեղակայվել, կարծում են, ապահով կլինի։ «Ռուսի զորքերը մեր գյուղի մոտ են, ապահով ենք», - ասաց Հերհերի բնակիչը։

Մարտունու շրջանի ​Բերդաշեն է շտապում Սվետլանա Մանասյանը, որ դասերը կիսատ չմնան։ Այս գյուղը վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնվեց, քանի որ թեև այն մնում է հայկական կողմում, բայց մշակովի հողերի ու այգիների ճակատագիրն անորոշ է։ Բերդաշենցիներն ահազանգում են, որ սահմանը հենց դրանց միջով է գծվում։

Սվետլանան ասում է՝ երբեք չի մտածել, որ մի օր իրենց գուղը սահմանամերձ է դառնալու։ «Առաջ, որ, օրինակ, ասում էին թուրքերին սահմանամերձ գյուղ, ընդհանրապես չէի պատկերացնում ոնց կլինի, հիմա արդեն մերն ա սահմանամերձ դարձել, բայց դե վստահ եմ, որ ոչ մի բան չի լինի։ Խաղաղապահներ կան մեր գյուղից ներքև», - ասաց Սվետլանա Մանասյանը՝ նշելով, որ արդեն շատերն են վերադարձել գյուղ․ - «Իմ ընկերները, դասընկերուհիներն արդեն գնացել են, վաղն էլ մենք ենք գնալու՝ եթե մեր տունը կա, եթե արդեն խաղաղություն ա, ինչո՞ւ մնանք»։

Այսօր Գյումրից Արցախ ուղևորվող խումբը պատերազմից հետո երրորդն է։ Լեռնային Ղարաբաղ առայժմ չեն վերադառնա այն ընտանիքները, որոնք կորցրել են իրենց տները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG